Ձեր ջղային դեմքի արտահայտության տակ մենք ձեր ամբողջ վախերը տեսնում ենք. Կոնջորյան
Ազգային ժողովում այսօր կրքերը չեն հանդարտվում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ տեղի ունեցավ միջադեպ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների և Արման Բաբաջանյանի միջև։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն անդրադառնալով այս միջադեպին՝ նշեց, թե սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա, որ այդ մակարդակի են իջեցնում։
Նա դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներին, մասնավորապես, Արման Աբովյանին, ասաց. «Պարոն Աբովյան, Դուք իսկապես չե՞ք հասկանում, թե ասվածի մեջ ինչ խնդիր կար, թե՞ ձևացնում եք, թե չեք հասկանում։ Եթե Հայաստանում քրեական ենթամշակույթի, գողական բարքերի դեմ տարվող իրավական պայքարն իջեցվում է շրիշակի մակարդակի, գողական, բեսեդկայի, քուչի մակարդակի և բերվում են համեմատություններ, որոնք հարիր չեն նաև ձեզ։ Հիմա ես դիմում եմ ձեզ տիկին Զոհրաբյան, պարոն Մելքումյան, պարոն Բագրատյան, մարդիկ, որոնք քաղաքական տեքստ են ասում, դա Ձեր մակարդա՞կն է, որ այդ աստիճան իջեցնում եք: Ուրեմն ես էլ ուզում եմ ասել, որ 3 տառարանիի մասով էլ, 4 տառանիի մասով էլ, եթե կարիք կա պայքարում ենք, դրա մասով էլ կան նաև հոդվածներ: Սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա, որ այդ մակարդակի են իջեցնում»։
Հայկ Կոնջորյանը նշեց, որ թեև ԲՀԿ-ական պատգամավորները պարբերաբար ասում են, թե հանգիստ պայմաններում պետք է բանավեճեր լինեն, սակայն իր մոտ այնպիսի տպավորություն է, որ ԲՀԿ-ում կա այդպիսի մարտավարություն՝ իրենք գան, ասեն՝ եկեք ամեն ինչ հանգիստ անցկացնենք, բայց հետո կոնկրետ ինչ-որ մեկը, կոնկրետ հանձնարարությամբ գալիս և ասում է մի բան, որը հետո դառնում է ռումբ և դահլիճն արձագանքում է:
Պատգամավորը նաև նկատեց, որ մարդիկ ամբիոնում ելույթ են ունենում, իսկ մինչև հասնում են տեղ ԲՀԿ-ականները ինչ-որ «ռազբորկաներ» են սկսում, կամ էլ մուննաթով արձագանքում։
«Ձեր ջղային դեմքի արտահայտության տակ մենք ձեր ամբողջ վախերը տեսնում ենք ախր, այդքան համարձակ դուխով մարդիկ եք, եկեք այստեղից խոսեք։ Ախր ես գիտեմ, որ այդ տեղից խոսողների մեծ մասը, որ գա այստեղ կանգնի, ոտքերը նենց կդողան, որ այդ ցնցումները դուք էլ կզգաք՝ մինչև վերջին նստարանը»,- ասաց Հայկ Կոնջորյանը։
Իր ելույթում պատգամավորը նաև նշեց, որ իրենք շարունակելու են պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, իսկ նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում, մնալու են «պատմության մայթեզրին կանգնած»։