Դիմակ չկրելու համար տուգանված քաղաքացիների նկատմամբ համաներում չի կիրառվի
ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հայտնում է, որ դիմակ չկրելու համար տուգանված քաղաքացիների նկատմամբ համաներում չի կիրառվի։
Նա, մասնավորապես, նշել է․
"Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնեմ, որ սույն թվականի փետրվարի 22-ին դիմել էի վարչապետին Covid-19 շրջանակներում դիմակներ չկրելու համար տուգանված քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառելու առաջարկով:
Այսօր կառավարությունից ստացել եմ մերժում, անկախ այն հանգամանքի, որ տուգանքները կիրառվել են քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումներով (առկա են բազմաթիվ դատական ակտեր):
Կառավարությունը առաջարկում է, որ իրենց կողմից օրենքի էական խախտումներով կիրառված տուգանքները քաղաքացիները վիճարկեն դատական կարգով:
Հարգելի՛ քաղաքացիներ, հերթական անգամ ականատես եղանք կառավարության կողմից քաղաքացիների նկատմամբ անտարբերության դրսևորմանը"։