կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դանակահարություն Երևանում. 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

Դանակահարություն Երևանում. 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մարտի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:55-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը «պոլիտրավմա և կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք» և «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 2 երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և անչափահասների բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 17-ամյա Ալեքսանդր Բ.-ն և 16-ամյա Վ. Հ.-ն։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխել Բաշինջաղյան փողոցից՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտից։

Արդեն դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «առողջությանը վնաս պատճառելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցներին և հանցագործության գործիք առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: