Ցավակցում եմ մեզ բոլորիս եւ զոհվածների հարազատներին. Փաշինյանն անդրադարձավ Ճամբարակի ողբերգությանը
Ցավակցում եմ մեզ բոլորիս և զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ։ Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական դեպքին։
«Այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային, որ ստանդարտները և ստանդարտների առկայությունը և ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը և պետք է այս ուղղությամբ աշխատել»,–ասաց նա։
Փաշինյանը խնդրեց մանրամասներ հայտնել դեպքի մասին՝ հարցնելով, թե ի վերջո հաստատվեց, որ գազի արտահոսքից է պայթյունը տեղի ունեցել, թե՞ դեռ պետք է քննություն տեղի ունենա։
Ի պատասխան ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արմեն Մկրտչյանն ասաց. «երեկ հունիսի 11-ին ժամը առավոտյան 08:34-ին ահազանգ է ստացվել ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցներից մեկում շենքի բնակարաններից մեկը այրվում է և հրդեհ կա։ Անմիջապես դեպքի վայրեր են ժամանել երկու մարտական հաշվարկ և պարզվել է նախնականով, որ գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազի պայթյուն է տեղի ունեցել և շենքի փլուզում։ Ներգրավել են անմիջապես լրացուցիչ փրկարարական ուժեր, 282 փրկարար ծառայող է ներգրավել որոնողափրկարարական աշխատանքներին։
Ցավալիորեն ունեցել ենք հինգ զոհ, 12 հոսպիտալացված անձ, վերջիններիս վիճակը բավարար է, մեկ անձ դուրս է գրվել։
Նաև սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում, բայց դա նախնական գնահատում է, ամբողջական փորձաքննության է ենթարկվելու, ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, ըստ նախնական գնահատման։ Բայց հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս բնակիչները չեն բնակվում։
ՏԿԵՆ–ի, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանի հետ կատարվել են աշխատանքներ, քաղաքացիներին այս առումով աջակցություն տրամադրելու համար, բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ և անհրաժեշտ պարագաներ։ Մեծամասնությունը հրաժարվել է բարեկամների տանն են բնակվել, երկու կին ունենք, որ օգտվել են և այս պահին հյուրատանն են բնակվում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և պատճառների հատվածը այս շրջանակներում վերջնական կպարզվի։ Ներկայումս ոստիկանության վերակարգերը իրականացվում են դեպքի վայրի պահպանություն բնակիչների գույքը չկորցնելու համար։ Ամբողջական վնասների գնահատում ենք նախաձեռնում իրականացնել, հետագայում նաև, եթե փոխհատուցումների հարց լինի, այդ հարցերին կանդրադառնանք։ Այսինքն այս պահին առանց օթևանի մնացած մարդ չկա, մարդիկ, ժամանակավոր բնակության տեղեր ունեն»։