Բուհերից ոչ ոք ոչ մի բան չի հանում. Արայիկ Հարությունյան
«Բուհերից ոչ ոք ոչ մի բան չի հանում»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով բուհերից հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաների դասավանդման պարտադրանքը հանելու մասին հարցին:
Նրա խոսքով՝ երեկ նախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ նախագիծը թույլ է տալիս բուհերին, ֆակուլտետներին իրենք որոշեն, թե իրենց առարկայացանկերում ինչ ծավալով հայերեն, հայ ժողովրդի պատմություն սովորեն։ Սակայն, ըստ նախարարի, խնդիր ունեն որոշ անձինք, որովհետև ակնհայտ է, որ բուհերի, գիտխորհուրդների մեծամասնությունում այդ հարցերը կարող են չանցնել։
Նախարարի խոսքով՝ տասնամյակներ շարունակ ոչ հայագիտական ֆակուլտետներում այդ հարցը դրվում էր, թե ինչու այդ առարկաները պետք է պարտադիր անցնեն: «Հիմա իրենք թող իրենց գիտխորհուրդներով որոշեն, ի սեր Աստծո, կարող են շատ տարբեր առարկաներ մտցնել, պատմությունը դարձնել 4, 8 սեմեստրով, նույնը հայերենի մասով անել ու այստեղ որևէ խնդիր չկա: Դա պետք է բխի իրենց ծրագրերից, թող նստեն, քննարկեն ու որոշեն»,- ասաց Հարությունյանը: