Արգենտինայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբերի 2-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Արգենտինայի Հանրապետության սենատորներից ու պատգամավորներից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից:
Պատվիրակությանը դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ թանգարանային գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։
Այցի սկզբում նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։Արգենտինայից ժամանած հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց կատարեցին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։
Շրջայցի ավարտին պատվիրակության անդամները գրառում կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։




