կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բնակարանից գողացել էր մի քանի տասնյակ հազար դոլարի ոսկյա զարդեր. 2 ժամ անց ոստիկանները գտել են «հերոսին»

Բնակարանից գողացել էր մի քանի տասնյակ հազար դոլարի ոսկյա զարդեր. 2 ժամ անց ոստիկանները գտել են «հերոսին»

Հունիսի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգողը հայտնեց, որ քրոջ՝ մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի տնից գողություն է արվել։ Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դեպքի վայր օպերատիվ մեկնեցին բաժնի քրեական հետախույզները, քննիչներ ու փորձաքրեագետներ։

Տեղում պարզվեց, որ դուռը բացել են հարմարեցված բանալիով ու գողացել մի քանի տասնյակ հազար դոլարի ոսկյա զարդեր։ Հարուցվեց քրեական գործ։ Մալաթիայի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերեցին բնակարանային գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։

Սկսվեցին Տավուշ քաղաքում հաշվառված, բայց Երևանում բնակվող 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու միջոցառումներ։ Ահազանգից երկու ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։

Քննչական բաժնում նա խոստովանական ցուցմունք տվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ Երիտասարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: