հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Բերման ենթրակված հարյուրավոր ցուցարարների մեծ մասը մի քանի ժամ անց ազատ է արձակվել

Բերման ենթրակված հարյուրավոր ցուցարարների մեծ մասը մի քանի ժամ անց ազատ է արձակվել

Առավոտից մայրաքաղաքում բերման ենթրակված հարյուրավոր ցուցարարների մեծ մասը մի քանի ժամ անց ազատ է արձակվել, հաղորդում են ոստիկանությունից։

Անհնազանդության ակցիաների ժամանակ բաժին էր տարվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկելու համար։

Նրա գործընկերը՝ Գեղամ Մանուկյանն, ապօրինի որակեց իրավապահների այս քայլը՝ պնդելով, թե Սահմանադրությամբ պատգամավորին կարող են ազատազրկել միայն հանցանք կատարելու վայրում։

«Բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու վայրում, Աշոտ Սիմոնյանը հանցանք է կատարե՞լ, որ բերման են ենթարկել։ Պատգամավորին բերման ենթարկելն անօրինական է, եթե չի ձերբակալվում հանցանքի վայրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Ոստիկանության Էրեբունու բաժնում երեք ժամ անցկացնելուց հետո ազատ արձակվեցին նաև մոտ երեք տասնյակ ընդդիմադիր ցուցարարներ։

«Հրահրում էին որպեսզի մենք ինչ-որ բան անենք, այսինքն՝ հարվածենք ոստիկանին, ձայն բարձրացնենք։ Կանգնած բերման ենթարկվածը սպասում է, որ իրականացվի գործողություն, պրոցեսը գնա, կազմվի արձանագրություն և այլն, ոստիկանը էդ ամեն ինչը թողած, փոխանակ իրա գործով զբաղվի, սադրում է», - ասաց ցուցարարներից Զավենն, ով ևս ազատ է արձակվել։

Ոոստիկանությունը վարչական տուգանք է կիրառել՝ պարտավորեցնելով 50 հազար դրամ վճարել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ 26-ամյա Զավենն ասաց, որ չի պատրաստվում վճարել այդ տուգանքը, քանի որ անօրինական ոչինչ չի արել։

«Ոչ մի տուգանք չկա, մենք որևէ խախտում չենք իրականացրել։ Բերման ենթարկեցին Հաղթանակ կամրջի վրայից, մեր ընկերներով անհնազանդության ակցիա էինք իրականացնում։ Շատ բացահայտ կերպով, չէին էլ թաքցնում, որ կատարում են պատվերով հրահանգ, մեր սիրելի ոստիկանները։ Չեմ ուզում անձնական ոչ մի վիրավորանք հասցնեմ մեր ոստիկաններին, իրենք կատարում են իրենց ծառայությունը, բայց ամեն ինչին էլ չափուձև կա», - ասաց ցուցարարը։

Երիտասարդների հետևից ոստիկանական բաժին էր եկել նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Փորձ է արվում ուժի դիրքերից ճնշել էն պահանջը, էն պայքարը, որը մղում է հայ ժողովրդի, Հայաստանի առողջ հատվածը հանուն Հայաստանի արժանապատվության», - ասաց Նազարյանը։

  • Կիսվել: