հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բաքոյանը նախատեսում է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով

Բաքոյանը նախատեսում է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նախատեսում է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով։ Այս մասին նա հայտնել է ի ֆեյսբուքյան էջում:

՛՛Հաշվի առնելով, որ Խորհրդարանում հանդիսանում եմ եզդի համայնքի ներկայացուցիչ, ստանում եմ ահազանգեր հատկապես եզդիների շրջանում վաղ տարիքում ամուսնության դեպքերի վերաբերյալ։ Հարկ եմ համարում արձանագրել, որ խնդիրը համատարած բնույթ է կրում՝ վաղամուսնության բազմաթիվ դեպքեր կան նաև հայերի շրջանում։

ՀՀ գործող օրենսդրության համաձայն ամուսնության տարիքը 18 տարեկանն է։ Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

Հաշվի առնելով, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներից է նաև երեխայի իրավունքները և ազգային փոքրամասնությունները, կարևորելով յուրաքանչյուրի կրթության, առողջության պահպանության իրավունքը, հիմք ընդունելով նաև ամուսնանալու ազատությունը՝ սույն թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սրահում կազմակերպում եմ քննարկում իրավասու օղակների, եզդի համայնքի ներկայացուցիչների, ոլորտային հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՛՛,-գրել է պատգամավորը:

  • Կիսվել: