Բացառում ենք որևէ համագործակցություն նախկին կամ ներկա ուժերի հետ. Մեսրոպ Առաքելյան
Հասարակության զգալի մասը ունի կոնսենսուս հետեւյալի վերաբերյալ, որ գործող իշխանությունները պետք է հեռանան, որովհետեւ այն փոփոխությունները, այն ծրագրերը, որոնք իրականացրել են, հասարակության պահանջներին չեն բավարարում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:
«Բայց բացի դրանից կա մի կարեւոր կոնսենսուս, որ բացառված է նախկինների վերադարձը: Այդ երկու գաղափարի շուջ հասարակության ամենաշատ դիրքորոշումն է, որ ներկաները պետք է գնան, իսկ նախկինները որեւէ ձեւով չպետք է վերադառնան: Մենք այն ուժն ենք, որ առաջարկում ենք հենց նման քաղաքականություն՝ պրոֆեսիոնալ թիմով»,-ասաց նա:
Անդրադառնալով իրենց շանսերին, Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Մինչեւ այս պահը իրականացրած մեր քարոզչությունը եւ հասարակության արձագանքը տանում է նրան, որ մեր սպասելիքները կարդարանան: Մենք գնում ենք հաղթելու եւ մեր քաղաքականությամբ ու գործունեությամբ բացառում ենք եւ բացառել ենք որեւէ համագործակցություն նախկին կամ ներկա ուժերի հետ: Մենք չունենք այն արժեհամակարգը, որն ունեն գործող եւ նախկին իշխանությունները»: