Այսօրվա մեր կարգապահությունը իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո. վարչապետ
Այսօրվա մեր 100 տոկոսանոց կարգապահությունը իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն` այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը: Վարակման դեպքերի 95 տոկոսը գործող կանոնները չպահպանելու հետևանք է: Դա նշանակում է, որ կամ դիմակ չեն կրել, կամ սոցիալական հեռավորություն չեն պահպանել, կամ ձեռքերը պարբերաբար չեն ախտահանել, կամ երեքը միասին»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում լուրջ խնդիր են դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ կանոնների չպահպանումը:
«Այստեղ կարևոր դեր ունեն ՏԻՄ-երը, որոնք ամեն նման դեպքում՝ պետք է հաղորդակցության մեջ մտնեն քաղաքացիների հետ, նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը: Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների և հոգեհանգստյան արարողությունների ժամանակ հակահամաճարակային կանոնները չպահպանելն է։ Հաջորդ խնդիրը «ընդհատակյա» հարսանիքներն են: Շատ կարևոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարության և քաղաքացիների միջև զանգվածային համագործակցության միջոցով։
Ըստ Փաշինյնաի, պարետատան ռազմավարութունը հետևյալն է. անընդհատ խստացնել և ապահովվել հակահամաճարակային կանոնների պահպանումը: «Դա ենք դիտում որպես կորոնավիրուսի վարակի թվերի անկման հիմնական միջոց:
Կրկին ուզում եմ մեր քաղաքացիներին կոչ անել պահել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն պատժիչ գործողություններ, բայց մենք հավատում ենք, որ դրական դինամիկան բնակչության հետ մեր երկխոսության հետևանք է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:


