Այս պահի դրությամբ որևէ օտարերկրյա քաղաքացի ՌԴ մեկնել չի կարող. Մնացականյանը՝ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների մասին (տեսանյութ)
ՀՀ-ՌԴ սահմանների փակմամբ պայմանավորված՝ խնդիր է առաջացել ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա հետաքրքրվեց, թե կա՞ն արդյոք բանակցություններ, որ ՀՀ այդ քաղաքացիների համար սահմանը բաց լինի:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով նրա հարցին, ասաց, թե այս պահի դրությամբ արտակարգ իրավիճակ է բոլոր երկրներում. «Յուրաքանչյուր երկիր իր գնահատման հիման վրա տալիս է լուծումներ, ինչպես մենք ենք տալիս շրջանակային լուծումներ՝ տարբեր խնդիրների: Այժմ մենք ունենք իրավիճակ, երբ այլ քաղաքացիներ ՌԴ չեն կարող գնալ: Ինչպիսի զարգացում է լինելու, ես դժվարանում եմ ասել, բայց այս պահի դրությամբ որևէ օտարերկրյա քաղաքացի չի կարող մեկնել ՌԴ»:
Անի Սամսոնյանն արձագանքեց, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն ԵԱՏՄ միասնական տարածքում են, և ինքն այդ առումով փորձում էր հասկանալ՝ այլընտրանքային տարբերակներ կա՞ն, ինչին նախարարը պատասխանեց, թե, ելնելով նրանից, որ իրավիճակը շատ արագ է զարգանում և նոր է, քննարկումները ևս նոր են, իսկ հարցը, վստահաբար, օրակարգային կլինի:


