Ավագ դպրոցների շրջակայքում պտտվենք, կտեսնենք, որ դասաժամերին շատ երեխաներ դասի չեն. Սիսակ Գաբրիելյան
Մենք տեսչական մարմնին հնարավորություն ենք տալիս առանց նախապես ծանուցելու էական ահազանգի դեպքում գնալ դրա հետքերով: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Եթե այսօր էլ մենք գնանք, ավագ դպրոցների շրջակայքում պտտվենք, կտեսնենք, որ դասաժամերին շատ երեխաներ, որ դասի չեն: Մի մասը պատի տակ ծխում է, մի մասն այլ բանով է զբաղված: Երբ տեսչական մարմնին ահազանգում ես, նա անում է այն,ինչ օրենքով գրած է: Մի հատ նախապես դպրոցին ծանուցում է, ասում է՝ ես հաջորդ ամիս էս օրը, էս ժամին կգամ քեզ մոտ: Պարզ է, որ այդ օրը բոլորը գիտեն, որ էդ մարդիկ գալու են, գնում են, տեսնում են, որ բոլորը նստած են իրենց տեղում, դասն ընթանում է: «Գալոչկեն» դնում են, գնում են, ասում են՝ ամեն ինչ նորմալ է:
Հիմա մենք այդ հնարավորությունը տալիս ենք՝ գնալու առանց ծանուցելու»,-ասաց նա:
Գաբրիելյանը օրինակ բերեց իր ծառայության տարիներից. «Մենք գիտեինք, որ տարին երկու անգամ կոնկրետ օր, ՊՆ նախարարը, այդ ժամանակ պարոն Օհանյանն էր, գալիս է: բոլորը գիտեին դրա մասին: Էն ժամանակ 10 հազար դրամ էր տուն գնալը: 10 հազարով տուն գնացածները, զորամասի դիմաց տուն վարձակալած մարդիկ այդ օրը գալիս էին, թարմ «պադշիվները», որ երբեք չէինք կարում, կարում, դնում էին, տանկերը պլպլացնում էին, գալիս էին, տեսնում էին զորքը շարված է: Մենք էլ երեկոյան հեռուստացույցը միացնում էինք, որ տարածաշրջանի մարտունակ բանակն իրոք այսպես կանգնած է:
Եթե այդ հանկարծակի ստուգումները լինեն, կարծում եմ՝ սրանով նաեւ ուսուցիչներին կպաշտպանենք, որովհետեւ փոքր երկիր է, փոքր քաղաք է, մեկին թողնում է, որ դասից գնա: Հիմա ինքն էլ, որպես ուսուցիչ, ապահովագրված կլինի այն ռիկսից, որ ցանկացած պահի կարող են նաեւ իրեն ստուգել եւ որոշակի առումով գուցե կանխենք այս իրավիճակը»,-ասաց պատգմավորը: