Ասում են՝ սիգար ծխելով փրկում է Արցախը. Ես սիգար ծխել եմ շատ-շատ վաղուց, ես սովորական ծխախոտ երբեք չեմ ծխել. Վանեցյան
Ես վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո, երբ լինեն մարդիկ, որոնք առաջնորդվում են Հայաստանի եւ Արցախի պետական շահերով, կարող են դիվանագիտական ճանապարհով լուծել այդ խնդիրները: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հնարավորություններ կան, որ կարմիր գծերից հետ գալ եւ Հայաստանի շահերից բխող լուծումների հասնել:։
«Շատ կարճ ասեմ ինչպես. Պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարտվող երկրի առաջնորդ է, նա այդ բեռի տակ իր վրա վերցրել է պարտավորություններ, որոնցից չի կարող այլկեւս անցնել: Քաղաքական իշխանության փոփոխությունից հետո կարելիէ դիվանագիտական ճանապարհով այդ հարցերը լուծել: Իշխանություններն ասում են՝ մեր այլընտրանքն այս մարդիկ են, որոնք քարոզում են պատերազմ: Ես ասում եմ՝ ամենաքիչը պատերազմ ես եմ ուզում, որ լինի: Ես դեմ եմ պատերազմին, ես ասում եմ՝ հնարավոր է նորմալ դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ: Երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցնենք: Հետո լինում են հարակից ելույթներ, որով արդարացնում են, հիմնավորում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում: Այս մարդիկ ինչպե՞ս պետք է հանդես գան հայանպաստ դիրքերից: Իրենք պետք է հեռանան»,-ասաց Վանեցյանը:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության պնդումներին, թե իրենք Կրեմլի պրոյեկտ են, Վանեցյանն ասաց. «Ես ահաբեկչական խմբերին չեմ մեկնաբանում: Ես հայ եմ, ազգանունս ավարտվում է «յան»-ով եւ մեկան կապ ունեմ Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի հետ: Որեւէ մեկը ինձ չի կարող մեղադրել այլ կապերի մեջ»:
Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ գալու է այդ օրը, որ մարդիկ ինքնակամ գալու են հրապարակ, ողողելու են Երեւանն ու ողջ Հայաստանը եւ վռնդելու են իշխանություններին:
Անդրադառնալով Ազատության հրապարակում իր կազմակերպած ակցիային, Վանեցյանը նշեց, որ հիմնականում իրեն քննադատում են, որ նստացույցի ժամանակ աթոռին է նստում, ամեն առավոտ գնում է տուն, լողանում, սափրվում է եւ երրորդը՝ սիգար ծխելիս լուսանկար են տարածել ու ասում են՝ Վանեցյանը սիգար ծխելով Արցախ է փրկում. «Վանեցյանը սիգար ծխել է շատ-շատ վաղուց, ես սովորական ծխախոտ երբեք չեմ ծխել: Ամոթ է, այլ քննադատություն, օբյեկտիվ քննադատություն չկ ու չի կարող լինել, որովհետեւ մեր պայքարն արդան է եւ մենք անպայման հասնելու ենք հաջողության»: