շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արժեքների դեգրադացիայի հետ ենք բախվում․ մենք համազգային ապաշխարության և զղջման կարիք ունենք․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան․ Իրավունք

Արժեքների դեգրադացիայի հետ ենք բախվում․ մենք համազգային ապաշխարության և զղջման կարիք ունենք․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Արժեքների դեգրադացիայի հետ ենք այսօր բախվում, այդ թվում` հոգեւոր, բարոյագիտական, սպառողական հասարակությանը բնորոշ տարրերի հետ, որոնք թափանցել են մեր կյանք: Երբ տնտեսությունը դառնում է գերնպատակ, սկսում են տեղի տալ արժեքները: Տնտեսությունը պետք է ծառայի այդ արժեքների բարելավմանը, ոչ թե կլանի, ինչին ականատես ենք լինում այսօր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այսօրվա քաղաքական աշխարհի հոսանքին հակառակ կարողանանք այդ արժեքները վերականգնել»: Անդրադառնալով համընդհանուր անտարբերության, ատելության մթնոլորտին, մեզ հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

—Ո՞ր պահից մենք շեղվեցինք ու դավաճանեցինք մեր բուն արժեքները, ե՞րբ սկսեցինք վաճառել ընկերներին ու դրանից գերագույն հաճույք ստանալ:

— Որ պահից, չեմ կարող ասել, դա շարունակական գործընթաց է, որն էլ ավելի խորացավ վերջին տարիներին:

— Ասում են, երբ Աստծուց հեռանում ես, բոլոր դժբախտությունները միանգամից լցվում են գլխիդ: Արդյոք հայ ազգը այդչափ հեռացե՞լ է Աստծուց, որ ունենք այն, ինչ ունենք:

— Մենք համազգային ապաշխարության եւ զղջման կարիք ունենք: Մինչեւ հավաքական ապաշխարման, զղջումի զգացումը մեր մեջ չարթնանան, մենք անընդհատ գնալու ենք դեպի խորը դեգրադացիայի: Տեսեք, մարդու անկումը տեղի է ունեցել ինքնաարդարացումով, երբ Աստծո առաջ կանգնեց ու փոխարեն զղջալու ու ապաշխարելու, սկսեց ինքնաարդարանալ, թե ինչու եմ մեղք գործել: Յուրաքանչյուր մարդ նախ պետք է հրաժարվի ինքնաարդարացման ախտից: Եվ առհասարակ՝ եկեղեցու առաքելությունը առաջին հերթին դրան է միտված՝ զղջումի ու ապաշխարության զգացումն արթնացնելն է, մեղքը ուրիշի վրա չբարդելը: Սա է միակ ինքնամաքրվելու ճանապարհը:

— Սրբազան, շատ հաճախ հոգեւոր անկման համար մեղադրում են եկեղեցուն, զուգահեռներ անցկացնելով, որ, օրինակ, աղանդավորները գնում են դռնեդուռ իրենց քարոզը իրականացնելու, ինչու նույնը չեն անում հոգեւորականները:

— Հոգեւորականները իրենց գործը եւ առաքելությունը կատարում են ոչ միայն դռնեդուռ, այլեւ՝ շեմ առ շեմ, հարկ եղած դեպքում՝ հարկ առ հարկ: Երկրորդ, այդ նույն մտահոգ մարդիկ էլ կոչված են այդ առաքելությունն իրականացնել, հեշտ է արդարանալը:

— Սրբազան, շուտով չարաբաստիկ պատերազմի երկու տարին կլրանա, կարողանո՞ւմ եք հարմար սփոփանքի խոսքեր գտնել հերոսածին մայրերի, քույրերի եւ կանանց հետ խոսելիս:

— Մենք ամեն օր ապրում ենք մեր հերոս տղաների ընտանիքների հետ, սա պետք է լինի մեր կյանքը: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մեր տղաները զոհեցին իրենց կյանքը մեր բոլորիս արժանապատվության համար, եւ որ իրենց շիրիմները պարզ գերեզմաններ չեն, այլ՝ ուխտատեղիներ: Մենք պարտավոր ենք անմահության արժեքներով ապրենք, մենք իրավունք չունենք մի վայրկյան անգամ մոռանալ Եռաբլուրում հանգչող անմահներին:

— Հավատո՞ւմ եք, որ տղաների վրեժը մի օր կլուծենք:

— Դա պետք է լինի բոլորիս ուխտը, մենք պարտական ենք տղաներին վերադարձնել այն հայրենիքը, որի համար իրենք անմահացան, նահատակվեցին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: