ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով

Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով, որը հանդիսանում է դատախազական այս կառույցի բարձրագույն պարգևը: Պարգևը ՀՀ գլխավոր դատախազին հանձնվել է Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստի ընթացքում:

Այս կրծքանշանը շնորհվում է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազությունների միջև փոխգործակցության ամրապնդման և զարգացման, օրենքի և իրավակարգի ամրապնդման ոլորտում դատախազությունների դերակատարության բարձրացման գործում ունեցած բացառիկ վաստակի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերված նշանակալի անձնական, մասնագիտական ներդրման համար:

ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից նման պատվի արժանացած 10-րդ անհատն է կրծքանշանի՝ որպես պարգևի հիմնադրումից ի վեր:

  • Կիսվել: