երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արտավազդ Սահակյանը պնդում է, որ իր ղեկավարած ստորաբաժանումը ԵՊԲՀ մասնաշենքից փորձում են վտարել 2017-ից, երբ Մուրադյանը դարձավ ռեկտոր

Արտավազդ Սահակյանը պնդում է, որ իր ղեկավարած ստորաբաժանումը ԵՊԲՀ մասնաշենքից փորձում են վտարել 2017-ից, երբ Մուրադյանը դարձավ ռեկտոր

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը պնդում է, որ իր ղեկավարած ստորաբաժանումը ԵՊԲՀ մասնաշենքից փորձում են վտարել 2017-ից, երբ Արմեն Մուրադյանը դարձավ ռեկտոր։

Սահակյանի հավաստմամբ՝ մասնաշենքի այդ հատվածը ամբողջովին վերանորոգվել է իր , բժիշկների, ընկերների կողմից, ԵՊԲՀ ոչ մի ռեկտոր բացի Գոհար Քյալյանից այդ հարցում աջակցություն չի ցուցաբերել։

«Իսկ 2017 թվականից, երբ ռեկտոր նշանակվեց Արմեն Մուրադյանը ինձ պարբերաբար պահանջ է ներկայացվել ազատել մասնաշենքի այդ հատվածը, ես բնականաբար չեմ համաձայնել։ Իսկ այս տարվա հունվարի 8-ին, եղբորս մահվանից 7 օր անց, ռեկտորի բանագնացը եկավ և ինձ պահանջ ներկայացրեց լքել մասնաշենքը»,- պատմում է անվանի վիրաբույժը։

Նրա հավաստմամբ՝ Մուրադյանը նրան համարժեք տարածք հրաժարվում է տրամադրել։

«Միքայելյան ինստիտուտում երկու սենյակ են տրամադրում, ոչ օրդինատորների, ոչ կրտսեր բուժանձնակազմի համար տարածք չեն տալիս։ Թող բարի լինեն համարժեք տարածք տրամադրեն»,- հավելեց նա։

Վիրաբույժը կարծիք հայտնեց, որ իր ստորաբաժանման զբաղեցրած տարածքն ուզում են օտարեն։

«Եթե նայեք, այն տարածքը, որը սովետական տարիներին զբաղեցնում էր ԵՊԲՀ-ն տարբեր տարիներին՝ գրեթե ամբողջովին օտարվել են»,- մանրամասնեց Սահակյանը։

Սահակյանը նաև նշեց, որ կառավարությունն էլ գրչի մեկ հարվածով վավերացրել է այս որոշումը, առանց խնդրի մեջ խորանալու։

«Առաջ գոնե առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր խորանում խնդիրների մեջ, հիմա ըստ երևույթին՝ արդեն ոչ ոք դա չի անում»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Սահակյանը նշեց, որ խնդիրը չունի քաղաքական ենթատեքստ, և զուտ ԵՊԲՀ ռեկտորի քմահաճույքն է։

«Ամեն դեպքում, ես պատրաստվում եմ հարցը լուծել օրենքի և իրավունքի շրջանակներում»,- եզրափակեց վիրաբույժը։

Հիշեցնենք՝  InfoPort.amհայտնել էր, որ Արմեն Մուրադյանը խնդրել է անվանի վիրաբույժին ազատել Զինվորի Տանը տեղակայված միկրովիրաբուժության իր կողմից զբաղեցրած ամբիոնը՝ պատճառաբանելով, որ այդ տարածքում ևս պետք է տեղակայվի զինվորի վերականգնողական կենտրոնը։

  • Կիսվել: