Ինչ խնդիրներ են ծագել վիրաբույժ Արտավազդ Սահակյանի և ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի միջև․ մանրամասներ
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի միջև խնդիրներ են առաջացել։
Ըստ InfoPort.am-ի հավաստի տեղեկությունների՝ Արմեն Մուրադյանը խնդրել է անվանի վիրաբույժին ազատել Զինվորի Տանը տեղակայված միկրովիրաբուժության իր կողմից զբաղեցրած ամբիոնը՝ պատճառաբանելով, որ այդ տարածքում ևս պետք է տեղակայվի զինվորի վերականգնողական կենտրոնը։
Մուրադյանն առաջարկել է Սահակյանին ժամանակավոր մի քանի ամիս զբաղեցնել տարածք մեկ այլ մասնաշենքում՝ հետագայում խոստանալով այդ հարցը լուծել ավելի հիմնովին, սակայն Արտավազդ Սահակյանը մերժել է այդ առաջարկը։
Մինչդեռ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինսայանը՝ անդրադառնալով վիրաբույժ Արտավազդ Սահակյանի վերաբերյալ մամուլում շրջանառվող քննարկումներին, նշել է․
"Վիրավոր զինվորները չեն կարող բուժվել վթարային հատվածներ ունեցող, իրենց անհարմար և ոչ վայել պայմաններում: Այդ իսկ պատճառով օրեր առաջ դիմել եմ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին խնդրանքով ժամանակավոր տեղափոխել Զինվորի Տանը տեղակայված միկրովիրաբուժության ամբիոնը այլ հատված, առկա տարածքը հիմնանորոգելու/վերազինելու և ապա կրկին նույն նշանակությամբ, նույն անձնակազմով գործարկելու խնդրանքով:
Այս մասին զրուցել եմ նաև վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ, առաջարկել եմ ժամանակավոր զբաղեցնել Զինվորի Տան լավագույն կահավորված սենյակները, այդ թվում Լեոնիդ Ազգալդյանի անվան գրադարանի տարածքը: Հայտնել եմ պատրաստակամություն՝ վերանորոգվող հատվածը, ձեռքբերվող սարքավորումները և բաժանմունքի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հարցերը քննարկել և իրականացնել համաձայն բժշկի կարծիքի: Այս ամենից հետո որոշ լրատվամիջոցներ և անհայտ անձանց կողմից ուղղորդվող անձիք հրապարակում են տեղեկատվություն, թե բժշկին հանում են իր տարածքից և փորձում են քաղաքական երանգ տալ:
Բժշկի հետ խոսել եմ ես, պայմանավորվել եմ ես: Զինվորների անվտանգությունը և բարեկեցիկ պայմանները, այո՛, ամեն ինչից առավել եմ կարևորում: Շուտով կունենանք նոր իրողություն՛։