Արմավիրի ԲԿ-ի մանկական վիրաբուժությանը տրամադրվել է պետպատվերով գործելու լիցենզիա. արդյունքը արդեն արված մի քանի տասնյակ վիրահատություններն են
Շուրջ երկու ամիս է, ինչ Արմավիրի բժշկական կենտրոնի մանկական վիրաբուժությանը տրամադրվել է պետական պատվերով գործելու լիցենզիա, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Արդյունքը` արդեն արված մի քանի տասնյակ վիրահատություններն են:
Արմավիրի ԲԿ-ում գոհացուցիչ են նաև պատվաստումային ցուցանիշները. մինչև մեկ տարեկանների շրջանում 95 տոկոս պատվաստումային ծածկույթ է ապահովել բուժկենտրոնի պոլիկլինիկան:
Մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, մանկական վիրաբուժական ծառայությունների ցուցանիշները ներկայացնելու ու ոլորտային խնդիրները քննարկելու համար փոխնախարար Արմեն Գասպարյանն այս անգամ հանդիպել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոնների ղեկավարների ու այդ ծառայությունների պատասխանատուների հետ:
Վերջին երեք տարիների ցուցանիշները ներկայացնելուց բացի, մարզային բժշկական կենտրոնների պատասխանատուները ներկայացրել են վերջին ձեռքբերումները:
Փոխնախարարը կեսարյան հատման նվազմանն ուղղված պետական ծրագրերից խոսելիս` կարևորել է էպիդուրալ անզգայացման կիրառման անհրաժեշտությունը, նշել, որ 2024 թվականից այն բոլորի համար իրականացվում է պետական պատվերի շրջանակում:
Փոխնախարարը հանձնարարել է Կանանց կոնսուլտացիայում էպիդուրալ անզգայացման մասին հղիների հետ տանել բացատրական- իրազեկման աշխատանքներ, ինչը կնպաստի բնական ճանապարհով ծննդալուծությունների թվի աճին:
Մարզի պոլիկլինիկաներում հաջողությամբ գործում է նաև մայրական դպրոցը` հղիներին պատրաստելով մայրության:
Գոհացուցիչ չէր ԱԱՊ օղակում իրականացրած նախաամուսնական հետազոտությունների քանակը` յուրաքանչյուր պոլիկիլինիկայում տարեկան ընդամենը մի քանի հատ: Արմեն Գասպարյանը հանձնարարել է այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել:
Մարզային բուժկենտրոններին ուղղված հանձնարարականներից մեկը տվյալների Արմեդ համակարգ ներառելն է:
Մարզային ԲԿ-ների ղեկավարների ու ոլորտային պատասխանատուների հետ նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի հանդիպումները շարունակվում են:


