չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Արմավիր» ՔԿՀ-ում խմելու ջրի խնդիր չկա. Գրիգոր Մինասյան

«Արմավիր» ՔԿՀ-ում խմելու ջրի խնդիր չկա. Գրիգոր Մինասյան

«Արմավիր» ՔԿՀ-ն մեր ամենալավ վիճակում գտնվող շենքերից է, որովհետև 2011-15 թթ. են կառուցել, բայց ժամանակին լավ չեն կառուցել, գրունտային աշխատանքներ չեն իրականացվել, դրա համար շենքը որոշ հատվածներում խոնավության խնդիր ունի, բայց 10 բալանոց սանդղակով ընդհանուր շենք-շինությունը և ՔԿՀ-ի պայմանները 7-8 բալի կարելի է գնահատել: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանի դիտարկմանը, թե օրերս «Արմավիր» ՔԿՀ է այցելել, որտեղ կալանք կրող անձինք ու նույնիսկ որոշ աշխատակիցներ բողոքել են խմելու ջրից:

«Անձամբ ես 3-4 անգամ [ջրի] փորձանմուշ էի ուղարկել տարբեր լաբորատորիաներ, նաև «Վեոլիա ջուր», և բոլորն արձանագրել են, որ ջրի հետ կապված խնդիր չկա: Ինքներդ էլ կարող եք համոզվել՝ բացելով ծորակը. նորմալ ջուր է, խմելու ջուր է:

Թեման այլ է, մեր որոշ դատապարտյալներ և կալանավորներ ուզում են այդ ջրի հանձնուքի մասը հանել 20 կգ շաբաթական տրվող հանձնուքների մասից, և առանձին ջուր մտցնել ու հանձնուք, իսկ հանձնուքն ամենառիսկային բլոկն է, որի միջոցով ծակող-կտրող իրերն ավելի հեշտ են ներթափանցում ՔԿՀ»,- ասաց նախարարը, ապա տեղեկացրեց, որ Կառավարության քաղաքականությունն այն է, որ առնվազն հաջորդ տարի սննդի՝ առանց այդ էլ լավ որակն ավելի լավացնեն, և հանձնուք տալու պրակտիկան վերացնեն, ինչպես ԵՄ զարգացած երկրներում է, որ «այլևս դատապարտյալը և կալանավորը չզանգեն, չստիպեն բարեկամներին, որ տոպրակներով հանձնուքները բերեն-հասցնեն ՔԿՀ»:

Ինչ վերաբերում է կարանտինային խցերի վերանորոգմանը, որոնց խոնավության մասով բողոքներ կան, ապա բյուջեով դրա վերանորոգում նախատեսված չէ: Նախարարը տեղեկացրեց, որ խնդիրը սրվել է, երբ պատժախցերի շինության կողքը խողովակ է վթարվել, և հիմա հրատապ ռեժիմով փորձում են հասկանալ՝ ինչ պետք է անել:

«Ճգնաժամային լուծումը հետևյալն է, հատուկ հովացնող և չորացնող սարքավորումներ են տեղադրվում, որոնց միջոցով այդ խոնավությունը շուտ կհանենք, նաև այլ պատժախցեր կտանենք մեր դատապարտյալներին ու կալանավորներին»,- ասաց նախարարը և հավելեց, որ խոսքը մոտ 1000 կալանավորից 7-8-ի տեղափոխման մասին է:

 

  • Կիսվել: