Առինջ գյուղում՝ դիտահորի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր` դեկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Աբովյան փողոցում՝ դիտահորում, դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբը։
Փրկարարներն Առինջ գյուղի Աբովյան 27 փողոցի դիտահորից դուրս են բերել Կոտայքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Դավիթ Թ-ի դին։ Տեղում աշխատել է ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզվում են։