Արգելափակել ենք այդ հաղորդաշարերը հանրային մուլտիպլեքսում․ Մխիթար Հայրապետյանը՝ Սոլովյովի մասին
Մարգարիտա Սիմոնյանը, Մարիա Զախարովան, Ռուսաստանի Պետդումայի որոշ ներկայացուցիչներ փորձում էին միջամտել այդ իրավական պրոցեսի ելքերին, և հայ հասարակության հայտնի դարձավ մի տեսանյութ, որտեղ այդ պրոպագանդայի դուրսպրծուկներից մեկը (նկատի ունի Սոլովյովին–խմբ) իրեն թույլ է տալիս հերթական անգամ ՀՀ ժողովրդի, Հայաստանի ժողովրդավարության, ինչու չէ նաև ընտրված վարչապետի նկատմամբ անթույլատրելի խոսույթ, և այդ տեսանյութը տարածվում է Հայաստանում շատ-շատ լրատվամիջոցների կողմից, ինչու չէ նաև հեռուստատեսությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին, նշեց ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
«Ես գիտեմ, որ Հանրային մուլտիպլեքսում այդ հաղորդումը չի հեռարձակվում, բայց ինձ թվում է, որ կաբելային TV-ները կարող են այդ հեռուստահաղորդումը հեռարձակել։ Արդյո՞ք դուք, որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ, որևիցե գործողություն կամ նպատակահարմարություն տեսնում եք մեր հասարակությանը զերծ պահել նման հիբրիդային պատերազմի գործիքներից, որը տեղի է ունենում մեր «դարավոր բարեկամ» երկրի պետական հեռուստատեսությամբ»,–ասաց նա։
Ի պատասխան ԲՏԱ նախարարն ասաց. «Այն դրսևորումները, որոնք երեկ հասանելի են դարձել համացանցային տիրույթում, դեռ նախորդ տարի երկու տարբեր դրվագներով ևս դրսևորվել են և մենք ստիպված ենք եղել տվյալ երևույթի այդ հաղորդումը արգելափակել։ Դուք ձեր խոսքում արդեն իսկ նշեցիք որ հանրային մուլտիպլեքսում արդեն իսկ ամիսներ շարունակ այդ հաղորդումը ինչպես նաև տվյալ երևույթի մասնակցությամբ որևէ հաղորդաշար չի հեռարձակվում եթերում։ Սա հեռուստահաղորդումների առաջին շերտն է հանրային մուլտիպլեքսը սակայն մենք ունենք ևս երկու շերտ։ Երկրորդ շերտը IPTV OTT կամ ցանցային օպերատորներն են որոնք հաճախ մեր խոսույթում մենք ասում ենք մալուխային հեռուստատեսություն։ Այստեղ մենք արդեն իսկ վերջնականացրել ենք և կարծում եմ՝ ԱԺ հաջորդ նստաշրջանում կքննարկվի տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նոր փաթեթը, որը պարտադիր կդարձնի նաև հեռուստաբովանդակության նկատմամբ մեր ակնկալիքները և պահանջները ը նաև երկրորդ շերտում գործունեություն ծավալող տնտեսվարողների համար։
Եվ կա երրորդ շերտ, դա համացանցն է, այն, ինչ երեկվանից այսօր տարածվում է տարբեր սոցհարթակներում օգտատերերի կողմից, որոնք նաև առանձին դեպքերում յուրօրինակ ցնծությամբ և էյֆորիայով տարածվում են արդեն հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, վերաբերում է այն հաղորդմանը, որը հասանելի է եղել ռուսաստանյան լսարանի համար։
Այսինքն ռուսաստանաբնակ մեր, երևի, տասնյակ հայրենակիցներ մեծ ոգևորությամբ տարածել են համացանցային տիրույթում, ընդ որում, որը այս պատմության մեջ ամենամեծ ողբերգությունն է, եւ քաջալերող խոսքերով են հանդես եկել հոգուտ այդ երևույթի»,–ասաց Մխիթար Հայրապետյանը։
Լիլիթ Մինասյանն էլ նկատեց. «Այս մեկ տարվա ընթացքում այդ հիբրիդային պատերազմի գործիքները Հայաստանի տարածքում լայնանալու են և տարածվելու են, ես կարծում եմ, որ մենք պետք է շատ արագ լուծում տանք, մանավանդ TV-ներում այն ալիքների հեռարձակումները, որոնք ՀՀ ժողովրդավարության և անկախության դեմ ուղղված խոսույթ են պարունակում»։
Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ այն, ինչ տեխնիկական է, որը հնարավորություն է տալու պաշտպանել մեր հեռուստադիտողին տեղեկատվական հարձակումներից, իրականացնելու են. «Բայց նաև հիմնարար մեկ այլ խնդիր կա, ֆունդամենտալ մի բան, որը նորից մենք շատ հաճախ խոսում ենք կրթությունից, դա վերաբերում է մեդիագրագիտությանը։ Այստեղ թե կառավարությունը, թե Ազգային ժողովը մեծ անելիքներ ունեն, որովհետև մեդիա գրագիտություն է նաև հանրության շրջանում գրագիտության բարձրացումը, որ կիբերհարձակումների, տարատեսակ տեղեկատվական հարձակումներից կպաշտպանի մեր քաղաքացիներին, այստեղ մենք դեռևս շատ և շատ անելիքներ ունենք»։