Առանց պետության գործուն աջակցության հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումը անհնար է․ Ռոման Խուդոլի
Տարբեր երկրներում երկրաբանության զարգացման տարբեր մոտեցումներ կան, բայց հանքարդյունաբերություն ունեցող ցանկացած երկրում պետությունը պետք է ապահովի պայմաններ ոլորտի հետագա զարգացման համար: Այս մասին «Սյունիք» հեռուսատընկերությանը տված հարցազրույցում ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենը Ռոման Խուդոլին։
Ըստ նրա՝ պետության դերը կարող է լինել կա՛մ երկրաբանության ոլորտի ներդրողներին արտոնություններ տրամադրելով, կա՛մ պետական ընկերությունների ստեղծմամբ, կա՛մ երկրաբանական հետախուզական աշխատանքների մասնակի սուբսիդավորմամբ:
«Հանքարդյունաբերական ոլորտը շատ իներտ է: Հետախուզման սկզբից, հետախուզությունից, գեոդեզիայից, հորատումից, հաշվետվությունների և հարստացման նախագծային ուսումնասիրությունների պատրաստումից մինչև արդյունք անցնում է ամենաքիչը հինգ տարի, սովորաբար՝ յոթ տարի և ավելի: Դա հսկայական միջոցներ է պահանջում, և ինչ-որ մեկը պետք է դա ֆինանսավորի: Մեզ պես խոշոր ընկերությունները կարող են իրենց վրա վերցնել որոշ որոնողական աշխատանքների ֆինանսավորումը: Փոքր ընկերությունները, իսկ Հայաստանում հիմնականում փոքր ընկերություններ են, նման հնարավորություններ չունեն։ Եթե նոր հանքերի որոնողական աշխատանքներում պետությունը որևէ կերպ ներդրում չանի, ապա հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանում տաս տարի անց չի լինի»,- նակտել է Խուդոլին։
Հանքարդյունաբերության ոլորտին վերաբերվող այս և այլ հարցերի շուրջ InfoPort.am-ը փորձեց զրուցել ոլորտը համակարգող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որևէ պատկան պաշտոնյայի հետ, մասնավորապես հասկանալու համար, արդյո՞ք պետությունը որևէ գործուն քայլ իրականացնում է կամ պատրաստվում է իրականացնել Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացման համար, եթե այո, որո՞նք են այդ քայլերը։
Սակայն, ի զարմանս մեզ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որևէ պաշտոնյա հարկ չհամարեց պատասխանել Հայաստանի տնտեսության համար առանցքային այս հարցերին։ Կայքի նկատառումը, որ բարձրացված հարցերը ավելի մեծ կարևորություն են ներկայացնում, քան շատ ու շատ այլ հարցեր, որոնց առօրյա ռեժիմով անդրադառնում են ՀՀ պետական գերատեսչությունները, մնաց անպատասխան։
Նշենք, որ նախորդ տարեվերջին Հանքարդյունաբերական համաժողովի ժամանակ բարձրացված այս հարցերի կարևորությունը իր ելույթում ընգծեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


