Առաջիկայում նախատեսում ենք մարզային կենտրոնները հագեցնել մամոգրաֆիկ սարքավորումներով. Ավանեսյան
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում ամենահաճախ հանդիպող՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում ի՞նչ ծառայություններից անվճար կարող է օգտվել քաղաքացին և ո՞ր կենտրոններից:
Ի պատասխան՝ Ավանեսյանն ասաց. «Մեր ուշադրությունն ավելի ու ավելի սևեռվում է առողջությունը պահպանելու, առողջ ապրելակերպ վարելը խթանելու, կանխարգելելու, վաղ հայտնաբերելու վրա։ Եվ այս մասով իրապես մեծ աշխատանք է արված, և շատ նորագույն կանխարգելիչ, սքրինինգային ծրագրեր հասանելի են դարձել մեր քաղաքացիների համար, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելող, կյանք փրկող մամոգրաֆիկ հետազոտությունը դարձել է առողջության ապահովագրության շրջանակներում, նաև պետպատվերից օգտվող մեր խմբի քաղաքացիների համար հասանելի։
Մենք իրականացրել ենք 10-ից ավելի կենտրոնների սերտիֆիկացում։ Մեր բոլոր բժիշկները անցել են միջազգային վերապատրաստման դասընթացներ, որովհետև այստեղ էլ սքրինինգային ծրագրերը ունեն որոշակի առանձնահատկություններ։ Սարքավորումները գնահատվել են, և համալիր գնահատականի արդյունքում 10 կենտրոնից ավելի արդեն ընդգրկված են ծրագրում։ Բայց ես ասեմ, որ մենք մեր կապիտալ ներդրումների ծրագրով՝ պետական, նախատեսում ենք առաջիկայում մարզային կենտրոնները հագեցնել մամոգրաֆիկ սարքավորումներով, այսինքն՝ կմոտեցնենք ծառայությունը նաև մեր քաղաքացիներին։ Եվ սա էլ, ես կարծում եմ, էապես կփոխի մեր մշակույթը՝ կանխարգելելու, դիմելու»:


