ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Անիի ղեկավարը համայնքի շինհրապարակներում հետևել է աշխատանքների ընթացքին

Անիի ղեկավարը համայնքի շինհրապարակներում հետևել է աշխատանքների ընթացքին

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի մշտադիտարկումները համայնքի շինհրապարակներում շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են համայնքապետարանից։

Հիմքը փորված է, ամրանավորման աշխատանքները՝ ավարտված: Հերթը բետոնալցմանն է:
Կառավարության որոշմամբ սահմանված «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված է նաև Մարալիկում կառուցվող մանկապարտեզը: Շինհրապարակում Արման Սարիբեկյանը հետևել է ընթացիկ աշխատանքներին:

Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցվող 150 տեղ հզորությամբ երկհարկանի մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել գալիք տարում:
Հաջորդիվ Անի համայնքի ղեկավարը մշտադիտարկել է կառավարություն-համայնք համագործակցությամբ «Մարալիկի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող 1028 գծամետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

2024 թվականին մեկնարկած ծրագրի արժեքը 249 մլն 49 հազար դրամ է կազմում, որից պետության համամասնությունը 112 մլն 72 հազար դրամ է, մյուս մասը՝ համայնքինն է:

Ըստ նախապես պլանավորած ժամանակացույցի, ծրագրի ավարտը նախատեսվում էր ընթացիկ տարվա օգոստոսի 7-ին, սակայն առաջ եկած որոշակի խնդիրների շտկման նպատակով կատարվել է հավելյալ բուսահողի հանույթ և շինթույլտվության ժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 11-ը:

Նշենք, որ փողոցին զուգահեռ մայթերի մեծ մասն արդեն սալիկապատված է:

 

  • Կիսվել: