կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ամուր պետություն, հզոր թիկունք, հաղթական ճակատ․ 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը մեկնարկել է

Ամուր պետություն, հզոր թիկունք, հաղթական ճակատ․ 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը մեկնարկել է

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանի մասնակցությամբ Տավուշի մարզի Հովք համայնքում մեկնարկեց շրջակա միջավայրի նախարարության 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը։
 
՛՛Մեր երկրի կայուն զարգացմանը և անտառապատ տարածքների կրկնապատկմանն ուղղված ծառատունկի մեկնարկը պատերազմի և ռազմական դրության այս օրերին իր մեջ կարևոր ուղերձ է պարունակում՝ ուղղված ամբողջ աշխարհին․ մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին։
 
Պետությունն իր ինստիտուտներով և զարգացման նախանշած ծրագրերով աներեր թիկունք է հայոց անպարտ բանակի զինվորներին և շարունակելու է գործել ի նպաստ երկրի հզորացման ու շենացման։
Հայ զինվորը հետ նայելով պետք է տեսնի կանգուն ու ուժեղ թիկունք։
 
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում ազդարարեց 10 մլն ծառ տնկելու, իր որակմամբ՝ ամբիցիոզ ծրագրի մասին: 10 մլն ծառը, համաձայն վարչապետի, «կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ՝ Հայաստանի Հանրապետությունում»:
 
Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տնկել 1 մլն ծառ։
 
«Իջևանի անտառտնտեսության» տարածքում կտնկվի շուրջ 30000 տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակները կլինեն սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենին, թխկին, արջատխլենին։
 
Հայրենի հողին ամուր կառչելու վճռականությունը պետք է վարակիչ դառնա․ յուրաքանչյուր ոք կարող է մասնակից դառնալ համահայկական ծառատունկին ու իր ներդրումն ունենալ հաղթանակած երկրի հզոր ապագայի կերտման հարցում։
 
Գրանցվե՛ք www.10m.am/ կայքում ու դարձե՛ք 1-ը 10 միլիոնից։
 
Յուրաքանչյուր մարդ իր ցանկությամբ կարող է տնկել իր իսկ ծառը, հատուկ նախատեսած վայրում՝ այն անվանակոչելով իր անունով և կայքի ինտերակտիվ հաշվիչի միջոցով հետևել ընթացքին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: