հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ամենատուրիստական քաղաքի տիտղոսը պահելուն են ուղղված մեր ջանքերն ու իրականացվող ծրագրերը. Գյումրի համայնքի ղեկավարի ուղերձը քաղաքի օրվա կապակցությամբ

Ամենատուրիստական քաղաքի տիտղոսը պահելուն են ուղղված մեր ջանքերն ու իրականացվող ծրագրերը. Գյումրի համայնքի ղեկավարի ուղերձը քաղաքի օրվա կապակցությամբ

Գյումրու օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, որում ասվում է.
 
 
«Սիրելի՛ գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս քաղաքի օրվա առիթով։ Բոլորիս կողմից սպասված և սիրված տոն, որ ևս մեկ անգամ մեկտեղում է Գյումրու խնդիրներով և ձեռքբերումներով ապրող մարդկանց: Վստահ եմ, Գյումրուց հեռու ապրող մեր համաքաղաքացիները ևս հոգով և մտքով այսօր մեզ հետ են ու նշում են մեր սիրելի քաղաքի օրը։
Իր պատմությամբ, մշակույթով, նիստ ու կացով մեր Գյումրին շարունակում է մնալ Հայաստանի ամենատուրիստական քաղաքներից մեկը։ Հատկապես վերջին տարիներին մեր քաղաքի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է ոչ միայն համերկրացիների շրջանում, այլ՝ օտար ազգի ժողովուրդների մոտ։ Գյումրին տեսնելու համար մեզ հյուր են գալիս աշխարհի տարբեր անկյուններից։ Ամենատուրիստական քաղաքի տիտղոսը պահելուն և տարեցտարի նորովի ու նոր շնչով քաղաք եկողների առաջ իր դռները բացելուն են ուղղված մեր ջանքերն ու իրականացվող ծրագրերը. փողոցների, բակերի բարեկարգում, խաղահրապարակների կառուցում, սոցիալական և մի շարք այլ ծրագրեր։
Քաղաքի շենացման գործում յուրաքանչյուրիս անձնական նվիրումն է պետք. մենք պետք է ավելի հոգատար ու սրտացավ լինենք մեր քաղաքին։ Ստեղծենք, ավելացնենք ու զարգացնենք, վճռական, հաստատուն քայլերով շարժվենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա առիթով, թող խաղաղ լինի մեր երկրի սահմաններն ու մեր երկինքը, թող բոլոր գյումրեցիների ընտանիքներում թևածի սերն ու ներդաշնակությունը, ժպիտն ու հումորը անպակաս լինի յուրաքանչյուր գյումրեցուց։
 
Շնորհավոր տոնդ, իմ հարազատ քաղաք Գյումրի….»:
 
Հիշեցնենք, որ այսօր նշվում են «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունները:

  • Կիսվել: