ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ամեն ինչ գրադարանային կյանքի մասին. լույս է տեսել «Լրատու» հանդեսի առաջին համարը

Ամեն ինչ գրադարանային կյանքի մասին. լույս է տեսել «Լրատու» հանդեսի առաջին համարը

Առաջին անգամ առցանց հրապարակվել է «Լրատու» հայկական գրադարանային ասոցիացիայի գիտատեղեկատվական հանդեսի անդրանիկ համարը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Հանդեսի նպատակն է անդրադառնալ Հայաստանի գրադարանային համակարգում առկա խնդիրներին, արժևորել գրադարանների և մատենադարանների դերը հասարակական, մշակութային, գիտական, տեղեկատվական կյանքում, վեր հանել գրադարաններին և գրադարանային գործին առնչվող հարցերում ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների ընդունած որոշումները, ներկայացնել ոլորտում առկա ձեռքբերումները, հետազոտել հայ տպագրության պատմությունը, լուսաբանել այլ երկրներում գրադարանագիտության վերջին նվաճումները, ներկայացնել գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնության (IFLA) գործունեությունը:

Հանդեսի առանցքային բաժիններն են «Տեսություն և պրակտիկա», «Մարզային և համայնքային գրադարաններ», «Կրթական հաստատությունների գրադարաններ», «Մանկական գրադարաններ», «Գրադարանների կառավարման խնդիրներ», Օրենսդրական-իրավական հարցադրումներ», «Ընթերցանության կազմակերպման արդի խնդիրներ»:

Ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն են ունենում գրադարանային ոլորտի վրա՝ ստիպելով վերանայել ավանդական գործառույթները: Բացի ավանդական գրադարանային խորագրերից, կլուսաբանվեն նաև 21-րդ դարում գրադարանների առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները: Հանդեսը հրապարակվելու է տարեկան 2 համար: Այն հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.flib.sci.am/journal/Lratu/index.html:

  • Կիսվել: