հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
«Ամբողջ ոստիկանական համակարգը լցված է այստեղ, ու՞մ դեմ են բերել ոստիկաններին». անհետ կորած զինծառայողի հարազատ

«Ամբողջ ոստիկանական համակարգը լցված է այստեղ, ու՞մ դեմ են բերել ոստիկաններին». անհետ կորած զինծառայողի հարազատ

«Ամբողջ ոստիկանական համակարգը լցված է այստեղ, ու՞մ դեմ են բերել ոստիկաններին։ Մեր պահանջն այն է, որ գան ասեն՝ ով պիտի մեր տղաների հարցերով շարունակի զբաղվել, ով պիտի բանակցություններ վարի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները քիչ առաջ փորձում էին փակել, Հերացի փողոցը։ Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև իրավիճակը մի պահ լարվեց։ Անհետ կորած զինծառայողների հարազատները երեկվանից փակ են պահում Բաղրամյան պողոտան. նրանք պահանջում են չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից հեռացնելու որոշումը. նրանք նշում են, որ անհետ կորածների հարցերով հենց նա էր զբաղվում և մտավախություն ունեն, որ իշխանությունները փորձում են փակել իրենց որդիների հարցը։

«Եթե ժամանակավոր պաշտոնակատար կա, թո՛ղ գար ասեր՝ ես եմ զբաղվելու ձեր տղաների հարցով։ Մեր տղերքը ուղղակի օդում կախված չպիտի մնան։ Վախեցե՛ք գազազած մորից, մենք չարացել ու գազազել ենք արդեն»–հավելեց անհետ կորած զինծառայողի մայրը։

Անհետ կորածների հարազատները նշում են, որ թեև երեկվանից իրենք փակել են Բաղրամյան պողոտան և իրենց պահանջը ներկայացրել, իշխանության ոչ մի ներկայացուցիչ իրենց հետ չի ցանկացել հանդիպել և փորձել լուծում գտնել իրենց խնդրի համար։

  • Կիսվել: