ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ախալքալաքի կարտոֆիլն այս տարի մեծ պահանջարկ ունի (տեսանյութ)

Ախալքալաքի կարտոֆիլն այս տարի մեծ պահանջարկ ունի (տեսանյութ)

Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի բերքահավաքի ամենաթեժ շրջանն է։ Այս տարի նախորդ տարիների համեմատ, բերքահավաքը եղանակի պատճառով փոքր-ինչ ուշացել է, ու սեպտեմբերի փոխարեն գյուղացիները դեռևս հոկտեմբերի վերջին էլ դաշտերում են։ Սակայն, ըստ գյուղացիների, բարեբախտաբար, այս տարի Ախալքալաքի կարտոֆիլի պահանջը մեծ է, գրում է aliq.ge-ն:

Ֆերմերները նշում են, որ Սամցխե -Ջավախքում մշտապես խնդիր է եղել կարտոֆիլի գինը․ երբ բերքը առատ է լինում՝ գինը ցածր է, իսկ երբ չի լինում բերք՝ գինը բարձրանում է։ Սակայն ֆերմերներն  այս տարի, կարծես, գոհ են թե՛ բերքից, և թե՛ գներից։

Կումուրդո (Գումբուրդո) գյուղի բնակիչ Գևորգ Սահարյանն ասում է, որ անցյալ տարի ստիպված են եղել թափել կարտոֆիլը, քանի որ չէր վաճառվում։

«Գյուղացին մեծ վնաս կրեց, սակայն որևէ փոխհատուցում չստացանք պետությունից։ Այս տարի էլ եղանակային վատ պայմանները թույլ չեն տալիս կարտոֆիլը հավաքել։ Բերքը խոնավությունից փչանում է, ստիպված բահի օգնությամբ ենք հողից հանում, միայն թե չմնա անձրևների տակ»,- ասում է գյուղացին։

Սակայն բացի եղանակային անբարենպաստ պայմաններից, կարտոֆիլի բերքահավաքը դանդաղում է նաև հավաքողների պակասի պատճառով։

«Չնայած հողի խոնավ լինելուն և դժվար քանդվելուն, շտապում ենք բերքը տուն հասցնել, բայց աշխատուժ էլ չունենք, ստիպված եմ երեխաներիս հետ հավաքեմ։ Այս տարի գնել ենք թե՛ հողամասը, թե՛ սերմացուն, հույս ունենք գոնե բարձր գնով կկարողանանք վաճառել»,- ասում է Կիրովական գյուղի բնակիչ Գայանե Չոլախյանը։

Կարտոֆիլ հավաքողների պակասը  բացատրվում է նրանով, որ մարդիկ դեռ չեն հասցրել հավաքել իրենց բերքը։ Մյուս կողմից էլ կորոնավիրուսային հիվանդությունը նույնպես ազդեց շատերի որոշման վրա․ չնայած բարձր վարձատրմանը՝ մարդիկ վախենում են գնալ կարտոֆիլ հավաքելու, հատկապես այն բանից հետո, երբ կարտոֆիլ հավաքող բրիգադներից մեկում շատերը վարակվեցին կորոնավիրուսով։ 

Ֆերմերները միմյանցից «գողանում» են աշխատողներին՝ վճարելով ավելի շատ, քան նրանք ստանում են։ Կարտոֆիլ հավաքելու ծառայությունն անցած տարիներին 30-35 լարի էր (մոտ 9֊11 դոլար), իսկ այս տարի 50-100 լարի (մոտ 16-32 դոլար)։

Ինչ վերաբերում է բերքի իրացմանը, ապա Ախալքալաքում կարտոֆիլի բերքահավաքը սկսվելուն պես, Ռուսաստանից և Վրաստանի այլ շրջաններից բեռնատարները կանգնում են քաղաքի տարբեր հատվածներում ու սպասում բերքին։

Այս պահին կարտոֆիլը վաճառվում է 1 լարիով (մոտ 0,32 դոլար), գինը բարձր է, բայց ոչ կայուն։ Վերավաճառողները փորձում են իջեցնել կարտոֆիլի գինը, չեն շտապում գնել, էժանացման ակնկալիքով դեռ սպասում են։

Վերավաճառողները Ախալքալաքից կարտոֆիլն արտահանում են հիմնականում դեպի Ռուսաստան, Ադրբեջան և Ղազախստան։ 

 

  • Կիսվել: