Աջափնյակի մետրոյի ծրագրի համար ընկերությունների ցանկ կա, այդ թվում՝ ռուսական․ Ավինյան
Աջափնյակի մետրոյի ծրագրի կառավարչի ընտրության համար արդեն ընկերությունների ցանկ է կազմվել, և դրանց թվում նաև ռուսական ընկերություններ կան պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հարցին՝ կա՞ առաջընթաց Աջափնյակի մետրոյի ծրագրում, Ավինյանը պատասխանեց՝ «այո, կա, քննարկում կա»։
«Կա ցանկ՝ նախագծի կառավարման համար ընտրվելիք ընկերությունների, որոնց հրավեր է ուղարկվելու, և մրցութային տրամաբանությամբ իրենց միջից ընտրություն է կատարվելու», - ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ նախ պետք է ընտրվի ծրագրի կառավարիչը, որը նաև իր ինժեներներով կիրականացնի տեխնիկական վերահսկողությունը, իսկ դրանից հետո՝ մետրոյի բուն շինարարությունն իրականացնող ընկերությունը։
«Մեզ պետք է նախագծի կառավարիչ, տեխնիկական վերահսկողություն՝ իր իսկ ինժեներներով, հետո վերջում մեզ նոր պետք է հենց բուն մետրոյի կառուցողը։ Առաջինի՝ կառավարչի մասով ցանկ ունենք, կառուցողների մասով որոշակի պատկերացումներ ունենք», - նշեց Ավինյանը։
«Ազատության» ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ծրագրում ռուսական կողմը ներգրավվի, քաղաքապետը պատասխանեց՝ «դա ցույց կտա կյանքը»։ Հարցին՝ ռուսական ընկերություններ կա՞ն դիտարկվողների ցանկում, նա հաստատեց՝ «այո, կան»։



