«Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի փոփոխությունը ձնամաքրման վատ աշխատանքի հետ կապ չունի. խոսնակ
Քանի որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը բավականին մեծ կառույց է, զուտ ֆիզիկապես շատ դժվար է կազմակերպել այդ բոլոր աշխատանքները, ինչպես նաեւ փաստաթղթաշրջանառությանը հետեւել, որոշում է կայացվել, որ այդ փաստաթղթային, կառավարչական այլ գործառույթներն իրականացնի տնօրեն Սաշա Կատվալյանը, իսկ արդեն ավելի պրակտիկ աշխատանքները՝ աղբահանության իրականացնելու ձեւը, մեխանիզմները, աշխատակիցների տեղաբաշխումը եւ այլն, իրականացնի Բագրատ Աղաջանյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ այդ հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը ազատման դիմում է ներկայացրել եւ նրա փոխարեն նշանակվել է Սաշա Կատվալյանը:
Կոստանյանն ասաց, որ սա ավելի շատ փոփոխություն է, քան աշխատանքից ազատում. «Հղում է արվում, որ ձնամաքրման աշխատանքները վատ են կատարվել, դրա համար Աղաջանյանին ազատել են, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Պարոն Աղաջանյանը 2019-ից աշխատում է այդ հիմնարկում, սկզբում եղել է Կենտրոնի աղբահանության պատասխանատուն, որից հետո նշանակվել է Երեւանի սանմաքրման բաժնի պետ, 2023-ին նշանակվել է որպես տնօրեն: Իր պրակտիկ գիտլիքներն ավելի շատ են եւ գործառութային տեսանկյունից ավելի նպատակահարմար է համարվել, որ ինքը զբաղվի պրակտիկ աշխատանքներով, իր ժամանակը շատ չծախսի թղթաբանության, մրցույթների, գնումների աշխատանքների վրա»,-ասաց նա: