Աղավնաձոր գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու Niva-ն. վերջինը կողաշրջվել է. կա 1 զոհ, 4 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է /shamshyan.com-ը:
Ժամը 19:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 35 CV 541 համարանիշի և Niva մակնիշի 25 ՏՕ 955 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Niva-ն կողաշրջվել է: Վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորութամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության Հարզդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սերգեյ Երիցյանն ու Կարեն Գրիգորյանը:
Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:


