Էստոնիան ռազմաբազա կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին
Էստոնիան սկսում է ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել սահմանամերձ Նարվայում՝ ռուսական Իվանգորոդի դիմաց, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի սահմանի՝ Սանկտ Պետերբուրգին ամենամոտ հատվածներից մեկում: Պաշտպանական ներդրումների պետական կենտրոնը 15 միլիոն եվրո արժողությամբ բազայի նախագծման և կառուցման մրցույթ է հայտարարել: Նախագիծը ենթադրում է 12 շենքերի և ինժեներական ենթակառուցվածքների կառուցում ավելի քան 7500 քառակուսի մետր տարածքի վրա. գրում է ERR-ը:
Հիմնական համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2028 թվականի ամռանը։ Առաջին 150 զինծառայողները Նարվայում կտեղակայվեն արդեն 2027 թվականի սկզբին։ Հաստատության շահագործման հանձնումից հետո Նարվայում կտեղակայվեն Էստոնիայի պաշտպանության ուժերի 1-ին հետևակային բրիգադի շուրջ 200 զինծառայողներ։ Սակայն բազան նախատեսված կլինի 1000 հոգու համար, ինչն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտա ընդունել ՆԱՏՕ-ի դաշնակիցների ստորաբաժանումները: Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը ավելի վաղ Նարվայում ռազմաբազայի ստեղծումն անվանել էր ռազմավարական որոշում ազգային անվտանգության ոլորտում։
Նախագիծը հաստատվել էր դեռևս անցյալ տարի, սակայն դրա իրականացումը ձգձգվել էր հողային հարցերը կարգավորելու և տեղի բնակիչների հետ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտության պատճառով։ Գաղափարը դժգոհություն է առաջացրել Նարվայի՝ Էստոնիայի ամենառուսալեզու քաղաքի բնակիչների մի մասի շրջանում։ Ոմանք մտավախություն ունեին, որ ռազմական օբյեկտը հակամարտության դեպքում կարող է հնարավոր թիրախ դառնալ։ Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախուր Կարուսը հայտարարել էր, որ բանակի ներկայությունը տեղի բնակիչները պետք է ընկալեն իբրև անվտանգության երաշխիք, այլ ոչ թե՝ սպառնալիք։
Բազայի ստեղծումը Էստոնիայի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման ծրագրի մի մասն է։ Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով շարունակվում է Բալթյան պաշտպանական գծի կառուցումը։ 1-ին հետևակային բրիգադի շտաբը տեղափոխում են Նարվայից ոչ հեռու տեղակայված Յիհվիի արդիականացված բազա։ Բացի դրանից, արդեն սկսվել է հակատանկային խրամատների ստեղծումը, ինչպես նաև Էստոնիան ծրագրում է կառուցել մինչև 600 բունկեր և այլ ինժեներական արգելափակոցներ:
Այս միջոցառումների հետնապատկերում Տալլինը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը։ Էստոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի պաշտպանական բյուջեն 2026 թվականին կավելանա 42%-ով՝ 1,7 միլիարդից հասնելով 2,4 միլիարդ եվրոյի, իսկ պաշտպանական ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 5,4%-ին: Երկրի իշխանությունները ծրագրում են ռազմական ծախսերը պահպանել ՀՆԱ-ի 5%-ից ոչ պակաս մակարդակի վրա՝ առնվազն մինչև 2029 թվականը։



