շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ. Ադրբեջանական մամուլ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ. Ադրբեջանական մամուլ

ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվության են ենթարկվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Տագիևը, հայտնում է Haqqin.az-ը:

Նա ընդգծել է, որ 1988-ի փետրվարից «Քոչարյանն ու Սարգսյանը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն սերմանելու նպատակով Ղարաբաղում հավաքագրել և կազմակերպել են հայազգի աշխատակիցների հավաքներ՝ կազմակերպություններում և հիմնարկներում:

Այս առնչությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
 
«Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ:
 
Փաստորեն Հայաստանի նախկին 2 նախագահները հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից: Չեմ հասկանում ինչի՞ Ադրբեջանը ուղղակի չի դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր իհարկե չի տեսնի»:
 
Նշենք, որ օրեր առաջ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին կալանավորելու մտադրության մասին: Բոլոր երեքին Բաքուն մեղադրում է ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:
 
 
 
 

  • Կիսվել: