շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Կառավարության հանձնառությունը՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ

ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Կառավարության հանձնառությունը՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ

Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և ​բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում տեղի ունեցած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ, և կարևորել ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը՝ շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանի հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտային համագործակցության խորացման, տնտեսության արդիականացման և երկրի դիմակայունության բարձրացման համար:

Տոնական միջոցառումն անցկացվել է «ԵՄ-Հայաստան. մշակութային կամուրջ» խորագրի ներքո՝ ԵՄ անդամ երկրների և Հայաստանի երաժշտական և պարային համույթների մասնակցությամբ։ Ազատության հրապարակում ներկայացվել են ԵՄ անդամ երկրների և Հայաստանի տարբեր բնակավայրերում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական տաղավարներ:

  • Կիսվել: