Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն անդրադառնալով օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակված Հասան Հասանովի հարցազրույցին՝ նշել է, որ Հասանովի աշխատանքն իրենից ներկայացնում է պատմության տարբեր դրվագների աղավաղում և կեղծում։ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշված է.
«Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակվեց «դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր» Հասան Հասանովի հարցազրույցը, որի աշխատանքը իրենից ներկայացնում է պատմության տարբեր դրվագների աղավաղում և կեղծում։
Հասանովը պնդում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը, Ստալինից 2300 տարի առաջ, հունահռոմեական աղբյուրներում կոչվել է ատրպատականցի-ադրբեջանցի»։
Հարցազրույցում առկա պնդումները ոչ միայն հակագիտական են ու հակապատմական են, այլև հակասում են տրամաբանության օրենքներին։ Հարկ չկա անգամ հակափաստարկելու, որ մ.թ.ա. 4-րդ դարում Ատրոպատեսի ստեղծած պետական միավորը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ժամանակակից Ադրբեջան պետության հետ։ Միաժամանակ՝ Հասանովն Ատրոպատենեի ստեղծումը երեք դար հետ է տանում՝ ընդհուպ մինչև Ասորեստանի տերության կործանում՝ մ.թ.ա. 612 թվական։
Իր պնդմանը «կշիռ տալու» համար հեղինակը մեջբերում է առավել ուշ շրջանի հռոմեական ու ասորական աղբյուրներ, որոնցում ոչ մի ակնարկ անգամ չկա՝ Ատրոպատենեն մ.թ.ա. 7-րդ դարով թվագրելու, առավել ևս՝ ներկայիս Ադրբեջանի հետ կապելու վերաբերյալ»: