Բելառուսում առաջին հայկական տաճարը կառուցվել է Հայաստանից բերված տուֆից. կառուցմանը մասնակցել են նաև բելառուսները
Բելառուսում առաջին Հայ առաքելական եկեղեցին Բելառուսում ապրող հայերին կհիշեցնի հայրենիքը։ Նման կարծիք է հայտնել լրագրողներին Սուրբ Գրիգոր տաճարի վանահայր Տեր Սարգիս քահանան, հաղորդում է БЕЛТА-ն։
«Տաճարը կառուցված է հայկական հրաբխային տուֆ քարից։ Այս քարը հատուկ բերվել է Հայաստանից։ Ներքին հարդարանքը նույնպես հայկական քարից է՝ տրավերտինից։ Սա միշտ մեզ կհիշեցնի Հայրենիքի մի մասնիկը։ Բոլոր սրբապատկերները բերվել են Հայաստանից, և երեկ թեմի առաջնորդն օծել է ինչպես սրբապատկերները, այնպես էլ խաչերը, որոնք գտնվում են եկեղեցու անկյուններում։ Օծվել է նաև գմբեթի խաչը», - ասել է նա։
Իր հերթին, Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Ստրիգելսկին «Минск-Новости» լրատվամիջոցին հայտնել է, որ տաճարի կառուցմանը մասնակցել են նաև բելառուս շինարարներ, և օգտագործվել են նաև բելառուսական արտադրության շինանյութեր։
Հիշեցնենք, որ Բելառուսում առաջին հայկական տաճարի օծման արարողության համար Մինսկ էր այցելել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։