հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադանա 1909. հայկական հոլոքոստից 115 տարի անց

Ադանա 1909. հայկական հոլոքոստից 115 տարի անց

1909 թ. ապրիլ ամսին Ադանայի և Հալեպի վիլայեթներում տեղի ունեցած կոտորածները Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային և կազմակերպված ջարդերի երկրորդ փուլն էին: Կոտորածն իր ողջ անմարդկային դեմքով ու դաժանությամբ դրսևորվեց Ադանա քաղաքում և հարակից շրջաններում: Հայերի ջարդը տեղի ունեցավ երիտթուրքերի հեղաշրջումից ամիսներ անց և համընկավ սուլթան Աբդուլ Համիդ II-ի համախոհների կողմից իրականացրած հակահեղափոխության հետ: Այս առումով Ադանայի ջարդերը պարզորոշ ցույց տվեցին, որ չնայած թուրքական վարչակարգերի փոփոխությանը և միմյանց միջև տարաձայնություններին, Հայկական հարցի լուծման և հայերի նկատմամբ վարվող քաղաքական գիծը մնում էր անփոփոխ:

Ադանայում ջարդերը սկսվեցին ապրիլ 1-ին, երբ նախապես պատրաստված և զինված թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին: Կոտորածների առաջին ալիքը տևեց երեք օր: Կոտորածները վերսկսվեցին ապրիլի 12-ին` շարունակվելով ևս 2 օր: Այս անգամ խառնամբոխից բացի հայկական կոտորածներին մասնակից էր նաև թուրքական բանակը, որը ժամանել էր իբր «կարգ ու կանոնը» վերականգնելու նպատակով:

Երկու փուլով տեղի ունեցած կոտորածների արդյուքնում սպանվեց շուրջ 30.000 հայ, ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր, եկեղեցիներ ու դպրոցներ: Քանի որ կոտորածի հիմնական մեթոդը հրկիզումն էր, ժամանակակիցներն Ադանայում տեղի ունեցածը բնորոշեցին Հոլոքոստ`ողջակիզում, բառով: Եվրոպական մամուլում լույս տեսան բազմաթիվ հրապարակումներ, որոնք աղաղակում էին հայերի դեմ իրականացված վայրագ քաղաքականության մասին:

Երիտթուրքերը, պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը փոխելու նպատակով, ձևական հետաքննություն սկսեցին, սակայն ջարդերի կազմակերպիչներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ, հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

  • Կիսվել: