9,9 մլն դրամանոց մեքենա՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի համար
Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարին ծառայողական մեքենայով ապահովելու բյուջեում վերաբաշխում է եղել։ Այս մասին այսօր ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին։
«Վերջերս բյուջեում վերաբաշխում է եղել և 9,9 մլն դրամ եք նախատեսել նոր ծառայողական մեքենա գնելու համար. այս նեղ պայմաններում ի՞նչ ծառայողական մեքենայի մասին է խոսքը»,- հարցրեց պատգամավորը։
Փոխքաղաքապետը նշեց, որ արդեն 6-րդ ամիս է, որ վարչական շրջանի ղեկավարը մեքենայի բացակայության պատճառով անձնական օգտագործման ավտոմեքենան է օգտագործում, սակայն 15-20 օր վթարվել է նաև այդ մեքենան ծառայողական աշխատանքներ կատարելու ժամանակ:
«Մեր ավտոմեքենաների պարկն ուսումնասիրելով չգտանք պատշաճ ավտոմեքենա, որը կարող էր տրվել վարչական շրջանի ղեկավարին: Մենք վերջերս բավականին մեծ կազմ ներկայացրեցինք կրճատման համար, բայց դա իրականում այն կազմն էր, որն օգտագործելի չի»,-ասաց Հայկ Սարգսյանը։
Նրա խոսքով, վարչական շրջանի ղեկավարի շարժողականությունը շատ մեծ է և նրան առանց մեքենայի թողնել չէին կարող:


