«70 տարեկան մարդուն գցել էին ոտքերի տակ». քասախցիները՝ ոստիկանական գործողությունների մասին
«70 տարեկան մարդուն գցել էին ոտքերի տակ»,- ասաց Քասախում ակցիայի մասնակիցներից մեկը՝ խոսելով ոստիկանների գործողությունների մասին։
«Ես էլ 71 տարեկան եմ, ինձ էինք գցել ոտքի տակ»,- շարունակեց մեկ այլ քասախցի։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք փորձում էին փակել Երևան–Աշտարակ մայրուղին։ Քասախի բնակիչների պահանջն է՝ 59 երթուղու ավտոբուսները նախկինի պես հասնեն մինչև գյուղի կենտրոն։ Ոստիկանների ու քաղաքացիների միջև բախումներ եղան, սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
«Խուժանություն են անում, զորքը լցրել են այստեղ»,- ասացին ակցիայի մասնակիցները։
Նրանք նշեցին, որ եթե այս ակցիան ապօրինություն է, ապա պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, քանի որ այս ձևով է դարձել երկրի ղեկավար։
«Եթե անօրինական է այս ամենն, ուրեմն ինքն անօրինական է ընտրվել։ Այնքան հրեցին, ընկնում էի։ Երկրորդ կարգի հաշմանդամ եմ։ Ասում են՝ անօրինականություն է, իրավունք չունենք ճանապարհ փակել։ Իսկ իրավուքն ունե՞ն այնպես անել, որ ես տրանսպորտով չկարողանամ գնալ բժշկի»,- ասաց տարեց քասախցին։
Նրան շարունակեց մեկ ուրիշը. «Իսկ իրենք 10 ավտոյով իրար հետրից գնան էլի»։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ 5-6 հոգու բերման են ենթրակել։
«Բերման են ենթարկել նաև իմ անչափահաս որդուն»,- ասաց մի Քասախի բնակչուհին։