«5165» շարժման անդամները բողոքի երթով այցելում են բուհեր
«5165» շարժման անդամները Ազատության հրապարակից երթ են կազմակերպել դեպի բուհեր: Մանսավորապես, երթը կհասնի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ագրարային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ։
Բողոքի երթի մասնակիցները վանկարկում են «Ուսանող, միացիր», «Նիկոլ հեռացիր»:
Մինչ այդ շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը Ազատության հրապարակում հայտարարեց․«Իրականացնելու ենք իրազեկման ակցիա ուսանողների շրջանում։ Ուզում եմ շեշտել, որ բուհերի կողքով անցնելիս նպատակ չունենք դասապրոցեսը խաթարել, չնայած Արցախն ավելին է, քան ցանկացած դասապրոցես։ Այսօր այս պահին դրությամբ մենք բուհի ներս չենք մտնելու, երկար չենք մնալու բուհերի առջև, իրազեկման ակցիաներ ենք անելու, ովքեր կցանկանան, կարող են այդ պահին միանալ կարմիր ժապավեն ակցիային»: