2022թ. հունվար, փետրվար ամիսներին նվազել է ծնելիության թիվը, մահվան ցուցանիշն աճել է
2022թ. հունվար, փետրվար ամիսներին նվազել է ծնելիության թիվը, մահվան ցուցանիշն աճել է. ունենք բնական հավելաճի բացասական ցուցանիշ։ Այս մասին «Դեպոպուլյացիա, ծերացող երկիր, միգրացիա. դեմոգրաֆիկ խնդիրները՝ Հայաստանում» թեմայով ասուլիսում նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Փորձագետի դիտարկմամբ՝ ճիշտ պատկեր ունենալու համար անհրաժեշտ է ամփոփել մեկ տարվա տվյալները: «Նման միտման պահպանման դեպքում կունենանք դեպոպուլյացիա, երբ մահերի թիվը գերազանցում է ծնունդների թվին, և բնական հավելաճը լինում է բացասական»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա նաև հավելեց, որ երբևէ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ երբեք չի գրանցվել բնական հավելաճի բացասական ցուցանիշ, երբ որ զուտ ծնունդների և մահերի թվերն են համեմատվել. «Սակայն երբ որ միգրացիայի մնացորդը (մեկնածների և ժամանածների բացարձակ թվաքանակի տարբերությունը) գումարվել է դրան, բնական հավելաճի ցուցանիշը միշտ նվազել է, բացառությամբ մեկ-երկու տարիների»:
Հովհաննիսյանը նշեց, որ ծնունդների նվազման պատճառների մասին դեռ չեն կարող խոսել․ «Ներկայացվածը զուտ պաշտոնական վիճակագրության թվերն են։ Պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է իրականացնել խորքային հետազոտություններ, որոնք ճիշտ չէ իրականացնել հիմնվելով առաջին երկու ասմին տվյալների հիման վրա։ Կարող եմ ասել, որ տարվա վերջում կունենանք լրիվ այլ պատկեր։ Ժողովրդագրության մեջ ծնունդների գերակշիռ մասն ընկնում է տարվա վերջին ամիսների վրա»։