երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
1 մլն դրամ աջակցություն՝ քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքներին

1 մլն դրամ աջակցություն՝ քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքներին

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է։

Այժմ շահառուներ արդեն կարող են դառնալ քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած կամ գերի ընկած անձանց ընտանիքների անդամները:

Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած Հայաստանի և Արցախի քաղաքացիներին տրվող աջակցությունը՝

1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին աջակցությունը 3 մլն դրամ է,
2-րդ խմբի դեպքում՝ 2 մլն դրամ,
3-րդ խմբի դեպքում՝ 1 մլն դրամ,
հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3 մլն դրամ,
զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5 մլն դրամ։

Քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքներին կտրամադրվի 1 մլն դրամ աջակցություն։ Ծրագրի շահառու դառնալ հնարավոր է՝ դիմում ներկայացնելով e-request.am միասնական հարթակում կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնում:

Զոհված քաղաքացիական անձանց և հաշմանդամություն ձեռք բերած անձանց դեպքում կարող են դիմել մինչև մայիսի 1-ը, իսկ անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքի անդամները՝ մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Աջակցությունը տրվում է միանվագ բանկային փոխանցումներով: Որևէ ուշացում չկա՝ նշում է Հարությունյանը, բայց թյուրըմբռնման պատճառով շատ դիմումներ են մերժել:

Դիմումների մերժման պատճառը հիմնականում քաղաքացիների անուշադրությունն է, որ սա վերաբերում է քաղաքացիական անձանց, զինծառայողների վերաբերյալ նախարարությունն իրականացնում է ընդամենը մեկ միջոցառում՝ վիրավոր անձանց, այն էլ՝ եթե ունեն հաշմանդամության երրորդ խումբ:

Աջակցությունը կտրամադրվի և հետ չի գանձվի, նույնիսկ եթե փոխվի անհետ կորածի կամ գերեվարվածի կարգավիճակը:

Հետագայում անձի վերադառնալու դեպքում այդ գումարը հետ չի գանձվի: Երկրորդ՝ ավելի ցավալի տարբերակը, եթե պարզվում է, որ զոհվածի կարգավիճակ են ձեռք բերում, կատարվում է գումարի վերահաշվարկ:

Պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած, զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների, այդ թվում՝ զորակոչվածների հարցերով զբաղվում է պաշտպանության նախարարությունը, իսկ հատուցումներն իրականացնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը:

  • Կիսվել: