հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանում կիրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված եռամյա ծրագիր

Հայաստանում կիրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված եռամյա ծրագիր

Երևանում տեղի ունեցավ «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որտեղ ներկայացվեցին ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները։

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասման իր ելույթում նշեց, որ տվյալ բնագավառում Հայաստանի իշխանությունների և հասարակության հետ համագործակցությունն ամենահաջողվածներից է։

«Մենք Հայաստանում արդեն իրականացրել ենք մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը և շարունակաբար գտնվում են Եվրամիության ուշադրության կենտրոնում։ Մեր կազմակերպությունը պատրաստակամորեն աջակցում է նման ծրագրերին և գոհունակությամբ ընդգծում ՀՀ պետական գերատեսչությունների, հատկապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շահագրգռվածությունն ու աջակցությունը։ Նման ծրագրերը դառնում են ավելի արդյունավետ նաև քաղհասարակության, մասնագիտացված կազմակերպությունների անմիջական օժանդակությամբ։ Բոլոր երկրներում և հասարակություններում տակավին կան ներառականության հետ կապված մարտահրավեր և հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող խնդիրներ, հետևաբար մեր նպատակն է աջակցել կարիքավորներին՝ նրանց համար ստեղծելով հավասարության և մատչելիության միջավայր, ընձեռելով հնարավորություններ, սոցիալական գործիքներ, որպեսզի նրանք կարողանան լիարժեքորեն մասնակցել հասարակական կյանքի իրադարձություններին, որպեսզի Հայաստանում սոցիալական ապահովության համակարգն ավելի ամրանա Եվրամիության աջակցությամբ։ ԵՄ-ն հանձնառու է Հայաստանում շարունակական, երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել մասնագիտացված կազմակերպություններին, գերատեսչություններին՝ հետագա գործողություններն համատեղ և արդյունավետ իրականացնելու նպատակով»,- ասաց Կասման։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում հաջողվել է տվյալ ոլորտում հիմնարար բարեփոխումների հիմքեր դնել և առաջ ընթանալ այդ բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ ամեն օր հաղթահարելով խոչընդոտներ՝ կապված ճգնաժամային իրավիճակների հետ, որոնք առկա են եղել վերջին շրջանում՝ սկսած քովիդ-19-ից, վերջացրած 44-օրյա պատերազմով ու մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ։

«Նախաձեռնված բարեփոխումներն ունեն լավարկման անհրաժեշտություն, ինչը բնական է։ Սովորաբար չեն լինում երկարաժամկետ սպասված նախաձեռնություններ, որոնք ընթանում են հարթ, և, եթե այդքան հեշտ լիներ, նման ծրագրերը կմեկնարկեին առնվազն 10-15 տարի առաջ։ Պետությունն ինքն է ստանձնել հասարակական սեգմենտի աջակցության միջոցով իր ծառայությունները լավարկելու և զարգացնելու հանձնառությունը։ Հասարակական սեգմենտի կարողությունների խթանումը մեծապես խթանում է նաև պետության կարողությունները։ Չկա այլ ճանապարհ, քան ջանքերի մեկտեղման միջոցով առաջ շարժվելը, համակարգային բոլոր խութերի վերհանումն ու ըստ առաջնահերթությունների դրանք լուծելը։ Մեկնարկող ծրագիրը փոխկապակցված է ԵՄ-ի կողմից ՄԱԿ-ի կառույցների հետ իրականացվող մեկ այլ ծրագրի հետ, որն ընթացքի մեջ է, և առնվազն պլանավորման մակարդակում աշխատանքները դարձել են բավականաչափ համակարգված։ Հասարակական սեգմենտը նույնպես նախաձեռնողականությունը վերցրել է իր ձեռքը ու, լինելով տարբեր ծրագրերի շահառու, արդեն կարողանում է համադրված աշխատել պետական կառույցների հետ, ինչը վկայում է արդյունավետ կառավարման մասին։ Սույն ծրագրով մեր նպատակն է ստանալ այնպիսի ծառայությունների պիլոտավորումն ու ստանդարտացումը, որին ձգտում ենք բոլորս, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ունենան որոշարկված, փաստարկված, իրենց տարիքի ու կարիքների կենսացիկլերի տրամաբանությամբ փաթեթներ, որոնք կլինեն հստակ բաշխված ու տեղորոշված պետական բյուջեում»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։

Ծրագրի նախաձեռնող «Վորլդ Վիժն Հայաստան» ընկերության ծրագրերի տնօրեն Ռաֆի Դուդակլյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին աջակցության և համատեղ աշխատանքները ճիշտ ուղիով տանելու համար։

«Եվրամիությունը մեզ տալիս է հնարավորություն վերստին անդրադառնալու հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման և հավասար իրավունքների ստեղծման խնդիրներին։ Ուզում եմ շեշտել երեք սեկտորների՝ ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների և կառավարության (ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության) համագործակցության արդյունավետությունը։ Երեք օղակների միասնությամբ է ապահովվում ու երաշխավորվում ծրագրի կայունությունը։ Նպատակն այն է, որ լուծումները լինեն շարունակական, ունենան համակարգային փոփոխություններ բերող լուծումներ և կարողանան երկար ժամանակով օրենսդրական փոփոխությունների, ծառայությունների ու մեխանիզմների շնորհիվ լուծել բոլոր խնդիրները, որոնք կուտակվել են տարիների ընթացքում։ Նախկինում իրականացված ծրագրերը վկայում են այն մասին, որ Հայաստանում կա կամք, մղիչ ուժ, ինչի շնորհիվ նաև այս ծրագիրը կունենա ամենալավ արդյունքները վերոհիշյալ անձանց իրավունքների պաշտպանության առումով»,- ասաց Դուդակլյանը։

  • Կիսվել: