երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժողովուրդ»․ վարչական տույժ մաքսանենգության դեմ պայքարի վարչության տեսուչի նկատմամբ

«Ժողովուրդ»․ վարչական տույժ մաքսանենգության դեմ պայքարի վարչության տեսուչի նկատմամբ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանը հայտնվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տեսադաշտում։ Ի դեպ, նշենք, որ Գոռ Մկրտչյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսան է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Գոռ Մկրտչյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառել։

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Գոռ Մկրտչյանի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված չներկայացնելու համար նրա նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը։ Մինչդեռ Գոռ Մկրտչյանը պարտավոր էր պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագիրը հանձնաժողով ներկայացնել մինչեւ այս տարվա մայիսի 31-ը։ Սա դեռ ամենը չէ։ Պարզվում է, որ նշանակված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը Մկրտչյանը հարկ չի համարել ներկա գտնվել։ Ի դեպ, տեղեկացնենք, որ վարչական տույժի կիրառումից հետո` 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գոռ Մկրտչյանին է պատկանում նաեւ «Լիգո տուր» ընկերությունը, որը զբաղվում է ներգնա եւ արտագնա տուրիզմով»։

Մանրաասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: