չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զենք ձեռք բերելու գործընթացը կկարգավորվի, տեսական ու գործնական քննություններ կլինեն. նախագիծ

Զենք ձեռք բերելու գործընթացը կկարգավորվի, տեսական ու գործնական քննություններ կլինեն. նախագիծ

Այսօր «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը թույլ է տալիս զենք չտրամադրել այն անձին, որը դիտավորյալ հանցագործության կատարման համար կամ զենքի գործադրմամբ, բայց անզգուշությամբ կատարված հանցանքի համար քրեական հետապնդման է ենթարկվում կամ առկա է այդպիսի իրավիճակում դատավճիռ: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 8-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ մանրամասնելով առաջարկվող փոփոխությունները:

«Նույն տրամաբանությունն է աշխատում նաև զենքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու կարգավորման դեպքում, այսինքն՝ եթե կա նմանատիպ իրավիճակ ոչ միայն ընտանեկան բռնության իրավիճակներում, այլև ցանկացած հանցագործության դեպքում, եթե կա այս երկու բաղադրիչը, այսինքն՝ մի դեպքում քրեական հետապնդման առկայություն, մյուսում՝ արդեն իսկ հաստատված դատավճիռ, մի դեպքում անձին թույլ չի տրվում ստանալ զենք, մեկ այլ դեպքում՝ ուժը կորցրած է ճանաչում արդեն իսկ ստացած թույլտվությունը»,- ասաց նա և հավելեց, որ առաջարկվող փաթեթով բալանսավորվել են զենք չտրամադրելու և ուժը կորցրած ճանաչելու մասերով կարգավորումները:

Զենք ստանալու համար անհրաժեշտ կլինի նաև հանձնել տեսական ու գործնական քննություններ, դրանք կարող են իրականացնել ոլորտային մասնագիտացած կազմակերպությունները, արդյունքում՝ անձը կարող է հայտն ուղարկել Ոստիկանություն՝ ստանալու զենք կրելու թույլտվություն:

Զենքի օգտագործման թույլտվության մասով մտահոգությունները փարատելու նպատակով Հակոբ Արշակյանը տեղեկացրեց՝ կան երկրներ, որտեղ զենք կրելու թույլտվության մասով ոլորտը ազատականացված է, բայց դա կրիտիկական վիճակի չի բերում:

Արտահերթ ելույթի ժամանակ Հակոբ Արշակյանը նաև նշեց, որ հասարակությունը շատ երկակի է ընդունում առաջարկվող փոփոխությունները՝ հաշվի առնելով Հայաստանի անվտանգային իրավիճակը և մշակութային որոշ առանձնահատկություններ, բայցև հորդորեց «հանգիստ» վերաբերվել դրան:

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ քայլերը միտված են նրան, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են զենք ունենալ և զենք կրել, ունենան հեշտ հնարավորություն դրա համար, մյուս կողմից՝ պետությունն ունենա բավարար գործիքակազմ անձի՝ զենքին վերաբերող գիտելիքները և հոգեբանական ունակությունները հսկելու:

«Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր ոք, ով ունակ է կրել զենք, պրոֆեսիոնալ տիրապետի զենքին և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ թե՛ գնելուն, թե՛ գործելուն, թե՛ պարբերաբար գնալու և իր գիտելիքները փորձարկելու»,- ասաց Արշակյանը՝ միաժամանակ կոչ անելով մասնավոր ներդրողներին, որպեսզի Հայաստանում հիմնեն պրոֆեսիոնալ հրաձգարաններ, քանի որ այս նախագծով նաև մեծ դաշտ է բացվում մասնավոր ներդրողների համար:  

Նշենք նաև, որ նպատակ կա նախագծերի փաթեթի ընդունմամբ նպաստել նաև որսորդության, սիրողական ու սպորտային հրաձգության և ռազմամարզության զարգացմանը:

  • Կիսվել: