կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Առուշ Առուշանյանի արդարացման վճռի դեմ դատախազության բողոքը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Առուշ Առուշանյանի արդարացման վճռի դեմ դատախազության բողոքը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի արդարացման դատական ակտն անփոփոխ է մնացել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Կարեն Ամիրյանի, Մեսրոպ Մակյանի՝ մերժել է Առուշ Առուշանյանի և մյուսների վերաբերյալ արդարացման դատավճռի դեմ դատախազության բողոքները՝ թողնելով արդարացման դատական ակտն անփոփոխ։ Վճիռը հրապարակվել է օրերս։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել. Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։

Մեղադրող դատախազները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող երեք ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև պաշտպանության կողմը՝ պահանջելով ամբաստանյալներին արդարացնել մյուս դրվագներով ևս։ Դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

  • Կիսվել: