շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Վարչապետն առաջարկում է բջջային հավելվածի միջոցով արձանագրվող խախտումների մեջ ներառել նաև մեքենայի մեջ դիմակ չկրելը

Վարչապետն առաջարկում է բջջային հավելվածի միջոցով արձանագրվող խախտումների մեջ ներառել նաև մեքենայի մեջ դիմակ չկրելը

Կառավարության այսօրվա նիստում սահմանվեց պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները:

Ըստ նախագծի, ամսական մեկ օգտատիրոջ կողմից մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող  եւի սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում:

Դրանցից են հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն։

ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը նշեց, որ այս որոշման նպատակը ճանապարհային կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների կողմից արձանագրելու հնարավորություն տալն է: Բջջային հավելվածը հասանելի կլինի ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար:

Հիմնավորման համաձայն, հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթն իրականացվելու է, եթե այն հնարավորություն կտա ներկայացնելու իրավախախտման ամրագրված ֆիզիկական անձին իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը, իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը, բացի այդ տեսանյութը պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին»,- ասաց նա։

Որոշման նախագծի ընդունմամբ կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաև չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ցանկում ավելացնել նաև ավտոմեքենայում երկուսից ավելի մարդ լինելու դեպքում՝ դիմակ չկրելու դեպքը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այդտեղ մարդու անձնական կյանքի իրավունքի հետ կապված խնդիր կա:

«Անձնական տվյալների պաշտպանության ի՞նչ խնդիր կա։ Առանց դիմակի անձ կա՝ մեքենայի համարգը գրվեց՝ վարորդին տուգանում են դրա համար։ Մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ դա պետք է ավելացնել։ Մենք քաղաքացիներին ասում ենք հակահամաճարակային շարժում ենք սկսում՝ չե՞նք ուզում իրենց գործիք տալ, որ մասնակցեն դրան։ Պարոն Բադասյան, ինչո՞ւմ է խնդիրը»,- ասաց վարչապետը՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

Նախարարը նշեց, որ այնպիսի իրավախախտումներն են արձանագրվում, որոնք հնարավորինս քիչ անձնական տվյալների մշակում են ենթադրում. «Այսինքն՝ անձին մեքենայի մեջ՝ կոնկրետ օրը, կոնկրետ ժամը, կոնկրետ վայրում նմանատիպ տվյալներ հավաքելը խնդրահարույց է։ Տվյալ անձին նույնականացնելու առումով էլ է խնդիր լինելու»։

«Ավելի լավ, թող դիմակով լինեն, էդ դեպքում չեն ճանաչի, թե ով է, ինչքան էլ նկարեն: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում եւ չեն ուզում, որ կողքից իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է կրել դիմակներ: Ապակիները մգեցնելու կարիք էլ չկա, մանավանդ ոստիկանությունը ռեյդեր է անում, որ մուգ ապակիներով մեքենաներ չլինեն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ընթացքի ժամանակ նկարելու դեպքում մարդու դեմքը չի երևա, փոխարենը կերևա՝ դիմակով է, թե ոչ:

Նախագիծն ընդունվեց, սակայն արդարադատության նախարարը խոստացավ ևս մեկ անգամ դիտարկել դիմակներ չկրելու խախտումն արձանագրելու իրավական հիմքերը եւ հնարավորության դեպքում ավելացնել որոշման մեջ:

  • Կիսվել: