կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորները հացադուլ են անում՝ պահանջելով արժանապատիվ պայմաններ. պատգամավոր

«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորները հացադուլ են անում՝ պահանջելով արժանապատիվ պայմաններ. պատգամավոր

Քիչ առաջ գործընկեր Արմենուհի Կյուրեղյանի հետ դուրս եկանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ գտնվում էինք կալանավորված անձանց հարազատների ահազանգով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը:

«Փաստենք, որ ինչպես մինչ այս պահը, այնպես էլ՝ տեղում՝ կալանավայրում, մանրամասն ուսումնասիրել ենք իրավիճակը, շրջել խցերով, ծանոթացել գույքային խնդիրներին և կացության պայմաններին, անձամբ լսել կալանավորների բողոքները, մտահոգությունները։
Այնուհետև, հանդիպել ենք «Վանաձոր» ՔԿՀ-ի պետին, ներկայացրել բարձրաձայնված հարցերը, կալանավորներին հուզող խնդիրները։

Լսել ենք ՔԿՀ-ի պետի փաստարկները տվյալ հարցերի շուրջ։

Վերջինիս ներկայությամբ բարձրաձայնել ենք նաև ջրի խնդրի մասին, ինչից տեղեկացվել է Արդարադատության փոխնախարարը ևս։ Նշեմ, որ քրեակատարողական հիմնարկում ջրի՝ ոչ պիտանի լինելու հանգամանքին, անդրադարձել էինք նախկինում նույնպես։
Անարդարացիորեն հանձնուքի մեջ ներառվել է ջրի քաշը, ինչը, կարծում ենք՝ արդարացի չէ։ Տնօրինությունը վստահեցրեց, որ այս խնդրին ևս հետամուտ է լինելու։

Բուժծառայության հետ կապված թերություններ նույնպես նկատվեցին։ Պարզվեց, որ առողջական խնդիրներ ունեցող կալանավորները ամիսներով սպասում են համապատասխան դեղամիջոցների։

Տեղում մի խումբ կալանավորներ հացադուլ էին իրականացնում՝ պահանջելով ավելի արժանապատիվ պայմաններ։Կոչ եմ արել, որպեսզի հացադուլ իրականացվող անձանց նկատմամբ իրականացվի բժշկական լուրջ վերահսկողություն։

Նշենք, որ թվարկված բոլորին հարցերին հետամուտ ենք լինելու․ պարբերաբար այցելելու ենք քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում հասկանալու, թե արդյո՞ք առկա են բացթողումներ։

Ամեն ինչ արվելու է, որպեսզի կալանավորների իրավունքները մեր երկրում չոտնահարվեն, արժանապատիվ կացության պայմանները չխախտվեն։

Հավելեմ, որ մշտական կապի մեջ ենք լինելու նաև ՔԿՀ-ներում պահվող անձանց հարազատների հետ»,-նշել է նա: 

  • Կիսվել: